Կայանբերդի արահետ
Արահետի նկարագրություն
Կայանբերդի արահետը Հայաստանի ամենատպավորիչ քայլարշավային երթուղիներից մեկն է, որը միավորում է Լոռու մարզի հիասքանչ բնությունը և միջնադարյան հարուստ պատմությունը։ Արահետը տանում է դեպի Հաղպատի և Սանահինի վանքերի միջև՝ Դեբեդի կիրճի բարձրադիր հրվանդանի վրա գտնվող Կայանբերդ ամրոց։ Այն կառուցվել է 1233 թվականին Հաղպատի վանահայր Հովհաննեսի նախաձեռնությամբ և ծառայել է որպես պաշտպանական հենակետ։
Այս դարավոր արահետը պատմության կենդանի վկան է. այստեղով ժամանակին դեպի ամրոց են բարձրացել այն պաշտպանող զինվորներն ու ուխտի գնացող ուխտավորները, կրոնական գործիչներ, գիտնականներ և իշխաններ: Հենց այս ճանապարհով է դեպի Դսեվանք տարվել Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը:
Տեխնիկական նկարագիր և ուղեցույց
Արահետը հեշտ և միջին բարդության է: Հարմար է երեխաների և մեծահասակների համար: Մուտքն ազատ է 24 ժամ: Միակողմանի երթուղու տևողությունը 1-1.5 ժամ է, իսկ վերադարձով՝ մոտ 2 ժամ: Արահետն առավել գեղեցիկ է գարուն-աշուն ամիսներին:
Քայլարշավը սկսվում է Հաղպատ-Ծաղկաշատ գյուղերի ճանապարհի խաչմերուկից: Ավտոմեքենայի կայանման համար կա անվճար և վճարովի կայանատեղի: Այդտեղից պետք է քայլել դեպի ձորը, անցնել 13-րդ դարի Ջրաղացաձորի կամուրջը և ռեստորանային համալիրի վերևի մասով շարունակել քայլարշավը: Երթուղին անցնում է անտառի միջով, որի ձախ կողմը բարձրադիր ժայռեր են, իսկ աջ կողմում ձորն է: Ճանապարհի միջնամասում կտեսնեք քարայրի մեջ գտնվող մասնավոր թանգարան: Քայլարշավի ընթացքում ձեզ սպասվում են տեսարաններ դեպի Հաղպատի ձոր և Աչեր գետ, Դեբեդ գետի հովիտ, Վիրահայոց լեռներ, Զարնի Պարնի քարայր-ամրոցային համալիր, Հաղպատի վանք։ Ամրոցի մոտ արահետն անցնում է ժայռերի վրայով (քարե աստիճաններով): Արահետի գլխավոր հանգրվանը բարձր պարսպով և հզոր աշտարակներով ամրոցն է և ներսում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին (առավել հայտնի Դսեվանք անունով)։
Հետադարձը նույն ճանապարհով, իսկ եթե ցանկանում եք շարունակել դեպի Սանահինի վանք, ապա օգտվեք Հաղպատ-Սանահին արահետից: Եթե ցանկանում եք դեպի Կայանբերդ արահետը սկսել Հաղպատի վանքից, ապա օգտվեք Հաղպատ-Սանահին արահետի սկզբնամասից: Ձեզ կարող է հետաքրքրել նաև Ժայռամագլցում դեպի Լաստի այր, որի արահետը նույնպես սկսվում է Ջրաղացաձորի կամրջի մոտից:
Զգուշացում
- * Խնդրում ենք չվնասե՛լ բնությունը և պատմամշակութային հուշարձանները: Այդպիսի գործողությունները քրեորեն պատժելի արարք են:
- * Ամրոցում ընթանում են պեղման աշխատանքներ: Խնդրում ենք պատմամշակութային շերտը չվնասե՛լ և ինքնուրույն պեղումներ չկատարե՛լ: Այդ գործողությունները քրեորեն պատժելի արարք են:
- * Կրակ չվառե՞լ. անտառը գտնվում է հրդեհավտանգավոր գոտում:
- * Արահետի վրա չկան աղբամաններ: Աղբը պահեք ձեզ մոտ, որպեսզի քայլարշավի վերջում գցեք աղբարկղը:
Անվտանգության նկատառումներ
Չնայած ամրոցի մուտքն ազատ է շուրջօրյա, խնդրում ենք լինել առավել քան զգոն:
- * Տեսանելիություն: Խստիվ խորհուրդ է տրվում խուսափել մութ ժամերին ամրոց բարձրանալուց։ Երեկոյան ժամերին ամրոցի պարիսպների եզրագծերը դառնում են դժվար տեսանելի։
- * Բարձրություն: Ամրոցը գտնվում է զառիթափ ժայռերի կատարին, և պարիսպներից անմիջապես ներքև անդունդ է։ Անզգույշ քայլը կամ եզրին չափազանց մոտենալը կարող է վտանգավոր լինել։
- * Հանդերձանք: Խորհուրդ է տրվում կրել արշավային կոշիկներ, քանի որ տեղ-տեղ արահետը կարող է լինել սահուն կամ քարքարոտ։
- *Ձեզ հետ վերցրեք խմելու ջուր և սնունդ: Արահետի սկզբնամասում՝ Ջրաղացաձորի կամրջի մոտ կա ջրի աղբյուր, որը երբեմն չի գործում:
- * Օգնության անհրաժեշտության դեպքում զանգահարել 102 կամ 911 հեռախոսահամարներով:
12°