Եղանակ 10°
Քամու պատկերակ 5 կմ/ժ (Հս-արլ)

Kayanberd Trail

Կայան բերդի արահետը Ջրաղացաձորից

Արահետի նկարագրություն

Կայանբերդի արահետը Հայաստանի ամենատպավորիչ քայլարշավային երթուղիներից մեկն է, որը միավորում է Լոռվու մարզի հիասքանչ բնությունը և միջնադարյան հարուստ պատմությունը։ Արահետը տանում է դեպի Հաղպատի և Սանահինի վանքերի միջև՝ Դեբեդի կիրճի բարձրադիր հրվանդանի վրա գտնվող Կայանբերդ ամրոցը։ Այն կառուցվել է 1233 թվականին Հաղպատի վանահայր Հովհաննեսի նախաձեռնությամբ և ծառայել է որպես պաշտպանական հենակետ։

Այս դարավոր արահետը պատմության կենդանի վկան է. այստեղով ժամանակին դեպի ամրոց են բարձրացել այն պաշտպանող զինվորներն ու ուխտի գնացող ուխտավորները, կրոնական գործիչներ, գիտնականներ և իշխաններ: Այդտեղով դեպի Դսևանք է տարվել Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը: 

Տեխնիկական նկարագիր և ուղեցույց

Արահետը հեշտ և միջին բարդության է: Հարմար է երեխաների և մեծահասակների համար: Մուտքն ազատ է 24 ժամ: Միակողմանի երթուղու տևողությունը 1-1,5 ժամ է, իսկ վերադարձով մոտ 2 ժամ: 

Քայլարշավը սկսվում է Հաղպատ-Ծաղկաշատ գյուղերի ճանապարհի խաչմերուկից: Ավտոմեքենայի կայանման համար կա անվճար և վճարովի կայանատեղի: Այդտեղից քայլել դեպի ձոր, անցնել 13-րդ դարի Ջրաղացաձորի կամուրջը և ռեստորանային համալիրի վերևի մասով շարունակել քայլարշավը: Երթուղին անցնում է անտառի միջով, որի ձախ կողմը բարձունք ու ժայռեր են, իսկ աջ կողմում ձորն է: Ճանապարհի միջնամասում կտեսնեք քարայրի մեջ գտնվող մասնավոր թանգարան: Քայլարշավի ընթացքում ձեզ սպասվում են տեսարաններ դեպի Հաղպատի ձոր և Աչեր գետ, Դեբեդ գետի հովիտ, Վիրահայոց լեռներ, Զարնի Պարնի քարայր-ամրոցային համալիրՀաղպատի վանք։ Ամրոցի մոտ արահետն անցնում է ժայռերի վրայով (քարե աստիճաններով): Արահետի գլխավոր հանգրվանը բարձր պարսպով և հզոր աշտարակներով ամրոցն է և ներսում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին (առավել հայտնի Դսեվանք անունով)։

Հետադարձը նույն ճանապարհով, իսկ եթե ցանկանում եք շարունակել դեպի Սանահինի վանք, ապա օգտվեք Հաղպատ-Սանահին արահետից: Եթե ցանկանում եք դեպի Կայանբերդ արահետը սկսել Հաղպատի վանքից, ապա օգտվեք Հաղպատ-Սանահին արահետի սկզբնամասից:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև Ժայռամագլցում դեպի Լաստի այր, որի արահետը նույնպես սկսվում է Ջրաղացաձորի կամրջի մոտից: 

Զգուշացում

  • Չվնասել բնությունը և պատմամշակութային հուշարձանները: Այդպիսի գործողությունները քրեորեն պատճելի արարք են: 
  • Ամրոցում ընթանում են պեղման աշխատանքներ: Պատմամշակութային շերտը չվնասել և ինքնուրույն պեղումներ չկատարել: Այդ գործողությունները քրեորեն պատժելի արարք են:
  • Կրակ չվառել. անտառը գտնվում է հրդեհավտանգավոր գոտում:
  • Արահետի վրա չկան աղբամաններ: Աղբը պահեք ձեզ մոտ, որպեսզի քայլարշավիի վերջում գցեք աղբարկղը:

Անվտանգության նկատառումներ

Չնայած ամրոցի մուտքն ազատ է շուրջօրյա, խնդրում ենք լինել առավել քան զգոն:

  • Տեսանելիություն: Խստիվ խորհուրդ է տրվում խուսափել մութ ժամերին ամրոց բարձրանալուց։ Երեկոյան ժամերին ամրոցի պարիսպների եզրագծերը դառնում են դժվար տեսանելի։
  • Բարձրություն: Ամրոցը գտնվում է զառիթափ ժայռերի կատարին, և պարիսպներից անմիջապես ներքև անդունդ է։ Անզգույշ քայլը կամ եզրին չափազանց մոտենալը կարող է վտանգավոր լինել։
  • Հանդերձանք: Խորհուրդ է տրվում կրել արշավային կոշիկներ, քանի որ տեղ-տեղ արահետը կարող է լինել սահուն կամ քարքարոտ։
  • Ձեզ հետ վերցրեք խմելու ջուր և սնունդ: Արահետի սկզբնամասում՝ Ջրաղացաձորի կամրջի մոտ կա ջրի աղբյուր, որը երբեմն չի գործում:

 

The copyright of this article belongs to the haghpat.com website. Please cite the source with an active link when quoting the content of the article or using it on other websites.

Monuments along the Kayanberd Trail route

Այլ երթուղիներ