Հաղպատի մեծ աղբյուրի արահետ
Արահետի նկարագրություն
Հաղպատ գյուղի Մեծ աղբյուրի արահետը բավականին հեշտ է և միևնույն ժամանակ պատմամշակութային հուշարձաններով և բնության գեղատեսիլ տեսարաններով հարուստ: Այն Հաղպատի վանքը միացնում է Կուսանաց անապատ եկեղեցուն՝ անցնելով Հաղպատի վանքի աղբյուրի, միջնադարյան գերեզմանոցի և այլ հուշարձան-շինությունների մոտով: Վերջնամասից բացվում է հրաշալի տեսարան դեպի անտառապատ Սուրբ Լույս լեռ, Հաղպատ գյուղ, Դեբեդի կիրճ և Վիրահայոց լեռներ: Հաղպատի վանքի աղբյուրը կառուցվել է 1258 թվականին և իր ճարտարապետությամբ բացառիկ է: 13-րդ դարից հարակից լեռան լանջերից սառնորակ ջուրը կավե խողովակներով հասնում է աղբյուր: Ջուրը սառնորակ է և խմելու: Կուսանաց անապատ եկեղեցին կառուցվել է 1200-1230 թվականների միջակայքում: Ունի հետաքրքիր ճարտարապետական լուծումներ: Շրջակայքում են գտնվում չափերով մեծ խաչքարեր: Միջնադարյան գերեզմանոցում պահպանվել են տարբեր տեսակի խաչքարեր և տապանաքարեր: Սակայն ժամանակակից գերեզմանոցի տարածման պատճառով այս հուշարձանախումբը բավականին վնասվել է: Արահետի վրա են գտնվում նաև ավելի ուշ ժամանակներում կառուցված վանատան շենքն ու փայտյա պատշգամբով երկհարկանի լքված տունը, որոնք հետաքրքրություն են ներկայացնում զբոսաշրջիկների համար:
Տեխնիկական նկարագիր և ուղեցույց
Արահետը հեշտ է: Հարմար է նաև երեխաների և մեծահասակների համար: Միջնադարյան աղբյուրի, եկեղեցու և պատմական գերեզմանոցի մուտքն ազատ է 24 ժամ, սակայն խորհուրդ չի տրվում գիշերային ժամերին գերեզմանոցի հատված և եկեղեցի այցելել: Միակողմանի երթուղու տևողությունը 30 րոպե է, իսկ վերադարձով՝ մոտ 50 րոպե: Երթուղու ամբողջ երկարությունը 1600 մ է: Արահետն առավել գեղեցիկ է գարուն-աշուն ամիսներին: Քայլարշավը սկսվում է Հաղպատի վանական համալիրի դիմացի հրապարակից (կայանատեղիից): Մեկնարկային կետից քայլեք վանքի ձախ կողմով անցնող ասֆալտապատ ճանապարհով մինչև համալիրի հակառակ կողմը: Ձեր դիմաց կտեսնեք հնաոճ ճարտարապետությամբ բազալտե քարերով վանատունը: Այդտեղից քայլելով մոտ 60 մ՝ ձախ կողմում կտեսնեք փայտյա պատշգամբով երկհարկ տունը, որի կողքին է գտնվում Հայաստանի ամենանշանավոր հուշարձաններից մեկը՝ Հաղպատի վանքի աղբյուրը: Ուշադիր լինելու դեպքում անմիջապես հետևում կտեսնեք միջնադարյան գերեզմանոցի խաչքարերից: Ճանապարհով շարունակեք ուղիղ քայլել դեպի բարձրունք: Ձախ կողմում գտնվում է պատմական գերեզմանոցի տարածքը, որը, ժամանակակից գերեզմանոցի ի հայտ գալով, մեծապես վնասվել է: Դեպի Կուսանաց անապատ եկեղեցի հասնելու համար քայլել գերեզմանոցի ներքևով անցնող գրունտային ճանապարհով: Անցնելով եկեղեցու ներքևի մասով և հասնելով գրունտային ճանապարհների խաչմերուկ՝ քայլեք դեպի ձախ և մոտ 100 մետրից կհասնեք եկեղեցու մոտ: Ցանկապատի մեջ կա երկաթյա դարպաս, բացեք և ներս մտեք:



Վերադարձի համար հետևեք քարտեզի նարնջագույն գծին: Եկեղեցուց պետք է ժամանակակից գերեզմանոցի տարածքով քայլել ներքև մինչև կտեսնեք պատմական գերեզմանոցի պահպանված հատվածը: Այդտեղ առկա են միջնադարյան խաչքարեր, տապանաքարեր: Գերեզմանոցի տարածքից դուրս գալուց հետո քայլեք դեպի Հաղպտի վանքի պատմական մուտքը (բազալտե քարերով կամարակապ մուտք), ներս մտեք և քայլարշավն ավարտեք Սուրբ Լույս լեռան դիտակետում, որտեղից բացվում է հրաշալի տեսրան դեպի անտառապատ լեռը: Եթե չեք ցանկանում անցնել ժամանակակից գերեզմնոցի տարածքով, ապա վերադարձեք նույն արահետով, որով եկել եք (քարտեզում նշված է կարմիր գծով):
Զգուշացում
- * Խնդրում ենք չվնասե՛լ պատմամշակութային հուշարձանները: Այդպիսի գործողությունները քրեորեն պատժելի արարք են:
- * Կրակ չվառե՛լ. տեղանքը գտնվում է անտառին մոտ և հրդեհավտանգավոր գոտում:
- * Աղբը թափել աղբամաններում, որոնք առկա են երթուղու տարբեր մասերում:
Անվտանգության նկատառումներ
- * Զգուշացեք օձերից, որոնց հնարավոր է հանդիպել գերեզմանոցի տարածքում և Կուսանաց անապատ եկեղեցու շրջակայքում ամռան ամիսներին։
- * Ձեզ հետ ունեցեք խմելու ջուր: 13-րդ դարից սկսած օրը 24 ժամ ջուրը հասանելի է Հաղպատի վանքի աղբյուրում: Խմեք ծորակից, ոչ թե ջրավազանից:
- * Օգնության անհրաժեշտության դեպքում զանգահարել 112 հեռախոսահամարով (ոստիկանություն, փրկարար ծռայություն):