Եղանակ
Քամու պատկերակ 12 կմ/ժ (Հվ-արմ)

Հաղպատ – Ծաղկաշատ արահետ

Սուրբ Լույս լեռ, Ծաղկաշատ

Հաղպատ – Ծաղկաշատ արահետը Հայաստանի լեռնագնացության և քայլարշավային ամենագեղեցիկ ու հետաքրքիր երթուղիներից է: Այն իրար է միացնում Լոռու մարզի Հաղպատ և Ծաղկաշատ գյուղերը՝ անցնելով Սուրբ Լույս լեռան անտառապատ լանջերով, բացատներով, գագաթով, Աչեր գետի ձորով և իհարկե պատմամշակութային հուշարձաններով։ Արահետը բաղկացած է երկու մասից՝ Հաղպատից վերելք դեպի լեռան գագաթ և վայրէջք Ծաղկաշատ գյուղ, այնուհետև գետի երկայնքով վերադարձ դեպի Հաղպատ: 

Սուրբ Լույս լեռան բարձրությունը 1857 մ է, իսկ արահետի սկզբնակետից հարաբերական բարձրությունը մինչև գագաթ մոտ 870 մ: Ծաղկաշատ գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1500-ից 1590 մ բարձրության վրա, որտեղից ձորով շուրջ 8 կմ անցնելով՝ իջնելու եք ծովի մակարդակից մինչև 830 մ բարձրության վրա գտնվող հատված: 

Սուրբ Լույս լեռան գագաթից հրաշալի տեսարան է բացվում դեպի Վիրահայոց և Գուգարաց լեռներ, Դեբեդի ձոր և հարակից բնակավայրեր: Սաղարթախիտ անտառները ստեղծում են հեքիաթային տպավորություն և թողնում անմոռանալի հիշողություններ: Ընդհանուր առմամբ, լեռը և հարակից տարածքները մեծ արժեք են ներկայացնում ինչպես էկոհամակարգի, այնպես էլ պատմամշակութային տեսանկյունից:

Անպայման այցելեք երթուղու վրա գտնվող պատմամշակութային հուշարձաններ: Հաղպատի վանքի դիմացի հրապարակում է գտնվում 1195 թվականին կառուցված Ջգրաշեն եկեղեցին: Մոտակա ձորակում է գտնվում 1279 թվականին կառուցված Զորավանք եկեղեցին: Ծաղկաշատ գյուղում է գտնվում 13-րդ դարի եկեղեցի, որի շուրջ տեղադրված են հնագույն խաչքարեր: Իսկ Հաղպատի վանքն ուսումնասիրելու համար օգտվեք Հաղպատի վանքի ուղեցույցից:

Տեխնիկական նկարագիր և ուղեցույց

Արահետը բարդ է: Ամբողջ երկարությունը 17 կմ է, որը հաղթահարելու համար կպահանջվի մոտ 7-8 ժամ (կախված լեռնագնացի ֆիզիկական պատրաստվածությունից): Խորհուրդ է տրվում արշավը սկսել առավոտյան շուտ: Արահետն առավել գեղեցիկ է գարուն-աշուն ամիսներին: Երթուղին և կանգառների կետերը ներկայացված են քարտեզում, իսկ նկարագրությունը՝ ստորև:

Քայլարշավը սկսվում է Հաղպատի վանքից, սակայն եթե գտնվում եք գյուղի այլ վայրում, ապա մեկնարկային կետ համարեք Հաղպատի դիտակետը: Ավտոմեքենայի կայանման համար վանքի դիմացի հրապարակում կա անվճար կայանատեղի: Հրապարակի ասֆալտապատ ճանապարհով պետք է քայլել դեպի ձոր (հետևեք կարմիր գծին), որտեղ գտնվում է Զորավանք եկեղեցին (շրջապատված է մասնավոր տարածքով, ուստի ներս մտնելու համար դիմեք տարածքի սեփականատիրոջը): Այդտեղից սկսվում է վերելքը: 

Քայլեք դեպի Հաղպատի դիտակետ, որն իրենից ներկայացնում է հարթակ, որտեղից երևում է Հաղպատի վանքի գեղեցիկ համայնապատկերը: Քայլելով առաջ՝ անցնելով մասնավոր այգիների մոտով, այնուհետև բացատի միջով, կհասնեք ցածրաճ բոխիների անտառ: Հետևեք արահետին, որպեսզի անտառում չմոլորվեք: Ձեր առջև կբացվի ավելի ընդարձակ բացատ, որն անցնելուց հետո կհայտնվեք հսկա ծառերով անտառի մուտքի մոտ: 

Անտառի ներսում քայլեք բացառապես արահետով, քանի որ առկա են վտանգավոր հատվածներ և մոլորվելու հավանականություն: Ոլորապտույտ երթուղին ձեզ կհասցնի մինչև գագաթ, որն իրենից ներկայացնում է փոքր բացատ, հիմնականում առանց ծառերի: 

Ծաղկաշատ գյուղ հասնելու համար պետք է լեռան գագաթից ճանապարհը շարունակել դեպի հարավ-արևելք (շարժվել կարմիր գծով): Մտնելով անտառ՝ հեքիաթային արահետով քայլեք ներքև: Անցնելով կաղնիների անտառով, երբեմն նաև փոքր բացատներով՝ կհասնեք գյուղ: Բնակավայրի սկզբում կա խմելու ջրի աղբյուր: Այդտեղից գյուղամիջյան ճանապարհով քայլեք դեպի Ծաղկաշատի եկեղեցի: 

Եկեղեցուց սկսվում է վերադարձի արահետը (տես նարնջագույն գիծը), որը Ծաղկաշատից իջնում է ձոր, անցնելով Աչեր գետի երկայնքով՝ հասնում է Հաղպատ գյուղ տանող երկրորդային ճանապարհ: Այդտեղով պետք է բարձրանալ, գրունտային ճանապարհով անցնել որոշ տարածություն և Հաղպատի դիտակետի մոտակայքում միանալ կարմիր գծին: Նշված կետից մինչև Հաղպատի վանք ճանապարհն արդեն ծանոթ է ձեզ:

Զգուշացում

  • *  Խնդրում ենք չվնասե՛լ բնությունը և պատմամշակութային հուշարձանները: Նման գործողությունները քրեորեն պատժելի են:
  • * Խստիվ արգելվում է կրակ վառել. անտառը գտնվում է հրդեհավտանգավոր գոտում: Անգամ ծխախոտի մնացորդը կարող է աղետալի լինել: Բնությունը վնասելը քրեորեն պատժելի արարք է: 
  • * Խնդրում ենք աղբը վերցնել ձեզ հետ և թափել գյուղում գտնվող աղբարկղերի մեջ:
  • * Սունկ մի՛ հավաքեք. դրանց մեծ մասը թունավոր են: 
  • * Հատապտղային կենին թունավոր ծառ է, նկատելու դեպքում դիտեք հեռվից, ճյուղերին կամ պտուղներին չդիպչել:
  • * Քարքարոտ և արևկող հատվածներում զգուշացեք օձերից:

Խորհուրդներ

  • * Խուսափեք արշավել մութ ժամերին, ձյան շերտի առկայության, մառախուղի, կայծակի կամ հորդառատ անձրևների ժամանակ:
  • * Անտառում քայլեք բացառապես արահետով՝ մոլորվելուց կամ վտանգավոր հատվածներից խուսափելու համար:
  • * Կրեք արշավային կոշիկներ և արշավային հագուստ (ցանկալի է վառ գույների):
  •  * Վերցրեք 1-2 լիտր ջուր և սնունդ: Հաղպատի վանքի հրապարակին կից կա աղբյուր (եթե ծորակին միացված ռետինե խողովակ լինի, ժամանակավորապես հանել այն՝ օգտվելու համար): Արահետին գտնվող խմելու ջրի աղբյուրները նշված են քարտեզի վրա:
  • Ծաղկաշատի մոտ հովիվների շների հանդիպելիս չվազել, քարեր չնետել, այլ հանգիստ կանգնել մինչև հովիվը մոտենա:
  • * Օգնության անհրաժեշտության դեպքում զանգահարել 102 կամ 911 հեռախոսահամարներով:
Այս հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է haghpat.com կայքին։ Խնդրում ենք, հոդվածի բովանդակությունը մեջբերելիս կամ այլ կայքերում օգտագործելիս նշել սկզբնաղբյուրը ակտիվ հղումով։

Հաղպատ – Ծաղկաշատ արահետ երթուղու վրա գտնվող հուշարձաններ

Այլ երթուղիներ