Սանահինի կամուրջը հայկական միջնադարյան ճարտարապետության հետաքրքիր նմուշ է, որը խորհրդանշում է հայ կնոջ սերն ու հավատարմությունն իր ամուսնուն: Ավելի քան 800 տարի կամուրջն իրար է միացնում Դեբեդ գետի երկու ափերը և ձորից դեպի Սանահինի վանք տանող ճանապարհի կարևոր հանգույց էր: Գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Սանահինի վանքի հետ միասին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Կամուրջը Հաղպատի վանքից ավտոմեքենայի ճանապարհով հեռու է 9 կմ, իսկ Սանահինի վանքից՝ 7 կմ:
Նախապատմություն
10-րդ դարի երկրորդ կեսում Լոռու մարզի ներկայիս տարածքում և հարակից շրջաններում Բագրատունիների շառավիղ Կյուրիկյանների կողմից հիմնադրվել է Տաշիր-Ձորագետի կամ որ նույնն է՝ Լոռու հայկական թագավորությունը: Այն իր հզորության գագաթնակետին է հասել Դավիթ Ա Անհողին թագավորի օրոք 11-րդ դարի 1-ին կեսին: Ավելի ուշ թագավորությունը սկսում է անկում ապրել, կորցնել իր տարածքների մի մասը: Այդ դժվարին պայմաններում գահ է բարձրանում Կյուրիկե Գ-ի 12-ամյա որդին՝ Աբաս Բ-ն: Չկորցնելով արքայի տիտղոսը՝ դառնում է Մածնաբերդի իշխան՝ մինչև չափահաս տարիքը գտնվելով քրոջ՝ Բավրինայի խնամակալության ներքո:
1190 թվականին երիտասարդ Աբաս Բ-ն ամուսնանում է հայ իշխաններ Զաքարե և Իվանե Զաքարյանների քրոջ՝ Վանենիի հետ: Թվում էր այս ամուսնությամբ Կյուրիկյանների Լոռու թագավորությունը պետք է կրկին հզորանա: Սակայն ճակատագիրն այլ կերպ է դասավորվում: 1192 թվականին 19-ամյա Աբասը մահանում է: Այստեղից սկսվում է Սանահինի կամրջի պատմությունը:
Երիտասարդ Վանենի թագուհին, լինելով ամուսնուն սիրող և հավատարիմ հայ կնոջ կերպար, որոշում է հավերժացնել նրան: Թագուհին, ամուսնացած լինելով ընդամենը 2 տարի, ի հիշատակ իր ամուսնու, Դեբեդ գետի վրա կառուցում է Միջնադարյան Հայաստանի ամենայուրահատուկ շինություններից մեկը՝ Սանահինի կամուրջը:
Ճարտարապետական նկարագիր
Այս հուշարձանն ինժեներական մտքի փայլուն օրինակ է, որը 8 դար դիմակայել է Դեբեդ գետի վարարած ջրերին, երկրաշարժերին և թշնամիների հարձակումներին:
Սանահինի կամրջի կառուցողական արվեստում ճարտարագիտական փայլուն իմացության հետ միաժամանակ դրսևորված է գեղարվեստական արտահայտչականության նուրբ ճաշակ: Այն ներդաշնակ է Դեբեդի կիրճին և կարծես միաձուլված լինի առափնյա ժայռաբեկորներին:
Ձախ ափը զգալիորեն ցածր է աջից: Ցածր ափից անցումը դեպի մյուսը աստիճաններով է: Վերկամարային մասը հորիզոնական է: Երկու կողմերում աստիճանաձև նախշազարդ եզրապատեր են:
Բազրիքների 4 հատված զարդարված է առյուծների բարձրաքանդակներով: Դրանք Կյուրիկյան արքաների խորհրդանիշն են: Առյուծները եզրաքարերին պառկած են տարբեր դիրքերով:
Բազալտե սրբատաշ քարերով կառուցված կամուրջը միաթռիչք է: Կիսաշրջանաձև բացվածքը 18.6 մետր է: Ընդհանուր երկարությունը 60 մետր է, իսկ միջին մասի լայնությունը՝ 3.3 մետր: Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանված միջնադարյան ամենաերկար չորրորդ կամուրջն է Երևանի, Աշտարակի և Օշականի կամուրջներից հետո:
Նորոգումներ
Նորոգվել է մի քանի անգամ: 1888 թվականին Թիֆլիսի Սուրբ Նորաշեն հայկական առաքելական եկեղեցու քահանայի միջոցով, ով ծնունդով Սանահին գյուղից էր, ամրացվել են ձախակողմյան պատի հիմքերը: Այդ մասին արձանագրությունը առկա է կամրջի սկզբնամասի ձախ կողմի քարին: 1928-1929 թվականներին Երևանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ղեկավարությամբ մասնակիորեն ամրացվել են ձախափնյա խելի հիմքերը:
Հետաքրքիր փաստեր
Կամրջի անձնագիրը
Քչերը գիտեն, որ Սանահինի կամրջի աստիճանների մոտ երկար դարեր կանգնած էր նաև Վանենի թագուհու կողմից տեղադրված մեծ խաչքարը: Այն կամրջի կառուցման անձնագիրն է:
1795 թվականին Իրանի տարծքում բնակվող թուրքական ղաջարական ցեղի առաջնորդ Աղա Մահմեդի հրոսակները հարձակվել են Դեբեդի կիրճի վրա և բնակավայրն ավերելու ընթացքում կոտրել են նաև Սանահին կամրջի դիմաց Վանենի թագուհու կանգնեցրած խաչքարը: Կոթողի վերին մասն անհետ կորել է՝ իր հետ տանելով կամրջի կառուցման ստույգ թվականը, իսկ պահպանված հատվածը հետագայում տեղափոխել են Սանահինի վանքի գավիթ:
Խաչքարի ետին մասում Վանենիի հայերեն արձանագրություն է, որտեղ թագուհին ասում է՝ «Ես Վանենի, դուստր իշխանաց իշխան Սարգսի, Զաքարեի քույր, Աբաս թագավորի կին, շինեցի այս կամուրջը և կանգնեցրի այս խաչը ի հիշատակ ամուսնուս և ծնողներիս»:
Թագավորի և թագուհու վերջին հանգրվանը
Հաղպատի վանքի տարածքում են գտնվում Աբաս Բ թագավորի և Վանենի թագուհու գերեզմանները: Նրանց բազալտե տապանաքարերը կարելի է տեսնել Մեծ գավթի ներսում: Թագավորի տապանաքարին գրված է «ԱԲԱՍ ԹԳ» (թագավոր), իսկ թագուհու տապանաքարին՝ «ՎԱՆԵՆԻ»:
Այս հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է haghpat.com կայքին։ Խնդրում ենք, հոդվածի բովանդակությունը մեջբերելիս կամ այլ կայքերում օգտագործելիս նշել սկզբնաղբյուրը ակտիվ հղումով։