Դսեվանք

Դսեվանք եկեղեցի՝ Հաղպատի Կայանբերդ ամրոցի նշանավոր կառույցը:

Հաղպատի ձորում՝ բարձր ու անառիկ դիրք ունեցող հրվանդանի վրա է գտնվում Դսեվանք եկեղեցին: Այն հանդիսանում է Կայանբերդ ամրոցի հոգևոր կենտրոնն ու ամենանշանավոր կառույցը: Լինելով միջնադարյան հայկական ճարտարապետության ինքնատիպ նմուշ՝ այն իր մեջ ամփոփում է տարածաշրջանի թե՛ հոգևոր, թե՛ պաշտպանական պատմությունը:

Պատմական ակնարկ

13-րդ դարում Հաղպատի վանական համալիրը մեծ հռչակ էր վայելում ամբողջ Հայաստանում: Այնտեղ պահվում էին քրիստոնեության համար բացառիկ արժեք ունեցող սրբություններ, տարբեր իրեր ու գանձեր: Այդ ամենը թշնամիների հարձակումներից պաշտպանելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում կառուցել վանքն ու շրջակայքը հսկող ամրոց: Այդ գործն իրականություն է դարձնում Հաղպատի վանքի առաջնորդ Հովհաննես Գ արքեպիսկոպոս Դոփյանցը, ում նախաձեռնությամբ 1233 թվականին կառուցվում է Կայանբերդ ամրոցը: Հետաքրքրական է, որ Հովհաննեսը Զաքարյան իշխանապետության  հիմնադիր Զաքարե Զաքարյան իշխանի քրոջ որդին էր։ Չնայած արձանագրության, պետք է նշել, որ այդ տեղում ամրոց եղել է նաև մինչ այդ: Հավանական է, որ Հովհաննեսը վերակառուցել կամ վերականգնել է հին ամրոցը և կառուցել եկեղեցին, սակայն ընդունված է ամրոցի հիմնադրման թվական նշել 1233-ը:

Դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից հայկական ամրոցներում կառուցվում էին պաշտամունքի կոթողներ: Այդ մշակույթը շարունակվել է քրիստոնեության շրջանում: Կառուցելով Կայանբերդ ամրոցը՝ զուգահեռաբար ներսում կառուցվում է նաև եկեղեցի, որտեղ որոշակի ժամանակ պահվել է Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը:

Ի սկզբանե, եկեղեցին կոչվել է Սուրբ Աստվածածին: Գրականության մեջ հանդիպում է նաև Դրսեվանք, Դսևանք անվանաձևերը: Ըստ ավանդության, Դսեվանք անունն առաջացել է ավելի ուշ և կապված է ամրոցի անառիկության հետ: Խոսելով ամրոցի մասին՝ մարդիկ ասել են «տես և անց», այսինքն՝ ամրոցն անառիկ է, նվաճելը դժվար, մնում է տեսնել և անցնել, գնալ: Հետագայում, այդ արտահայտությունը ձևափոխվել և դարձել է եկեղեցու անուն՝ Դսեվանք:

Դսևանքը դիմացել է մոնղոլների, թաթարների, լեզգիների և այլ օտարազգիների հարձակումներին: Մինչև 1800-ական թվականները մոտակա բնակավայրերի բնակիչների համար այն եղել է ուխտատեղի:

Կայանբերդ ամրոցն ու Դսեվանք եկեղեցին մասամբ տուժել են 1827 թվականին տեղի ունեցած երկրաշարժից:  Դրանից մի քանի տարի անց եկեղեցու ավերված գմբեթը վերակառուցել է Հաղպատ գյուղից Մարգար Երզնկյանը:  Իր կատարած աշխատանքի համար վերջինս ամփոփվել է անմիջապես եկեղեցու կողքին: Նրա գերեզմանին գրված է՝ «Այս է հանգիստ Մարգար Երզնկեանցի, վախճանյալ  ի 1835 ամի»:

Ճարտարապետական նկարագիր

Սուրբ Աստվածածին եկեղեցին, նույն ինքը՝ Դսեվանքը, գտնվում է ամրոցի հարավային մասում՝ անմիջապես անդունդի վրա վեր խոյացող պարսպին: Այն կառուցվել է սրբատաշ բազալտից: Արտաքինից ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով գմբեթակիր կառույց է: Մուտքն արևմուտքից է՝ զարդարված համեստ շրջանակով: Մուտքի վերին մասը՝ բարավորը, կազմված է երեք առանձին քարերից, որոնցից մեջտեղինը խաչաթևերի նմանվող կտրվածքով է: Գմբեթը կառուցված է սպիտակ և կարմիր ֆելզիտից: Տարբեր գույնի քարերը շարված են շախմատաձև, ինչը գմբեթին յուրահատուկ գեղագիտական տեսք է հաղորդում: Դսեվանքի և ամրոցի շինարարական արձանագրությունը գտնվում է եկեղեցու արևմտյան պատին: Վեց տող հայերեն արձանագրությունը հետևյալն է՝

  1. 1.Ի թւ(ին հայոց) ՈՁԲ
  2. 2.Կամաւն Ա(ստուծո)յ, ես՝ տ(է)ր Յոհանէս, առաջնորդ Հաղբատա, քուերորդի մեծ պատրոնացն Զաքարէի եւ Իւանէի, ի ժամանակի, որ եհաս սասանումն աշխարհիս մերոյ անաւրէն խորազմ 
  3. 3.ենցն, ոչ գոյր տեղի ապաստանի ս(ուր)բ Նշանիս եւ եղբարցս: Հրամանաւ քեռոյն իմս Իւանէի եւ որդոյն իւրոյ Աւագին, եւ Շահնշահի՝ որդոյն Զաքարէի շինեցի զամրոցս եւ զեկեղեցիս Հաղբատա ս(ուր)բ Նշանիս
  4. 4.բազում աշխատութ(եամ)բ: Արդ, եթէ ոք զսա ի Հաղբատա հանէ, թե ի մեծաց, թե ի փոքունց զինչ եւ իցէ պատճառաւ, մարդն այն նզովե(ա)լ եղիցի ի մահ եւ ի կե(ա)նս, զինչ ի յԱդամա մինչեւ ի գալուս
  5. 5.տն Ք(րիստոս)ի նզովք կա՝ ի վերա նորա եղիցի, երերե(ա)լ եւ տատանե(ա)լ լիցի որպէս Կա(յ)են, եւ բաժին գՅուդաին առցէ, եւ աւանդիչ հոգո նորա սատանա լիցի: Եւ առաջնորդ որէն ի կամս իւրո կամ նախանձու,
  6. 6.կամ ծուլութ(եամ)բ, կամ կաշառաւ զսա ի Հաղբատա հանէ՝ զվերոգրե(ա)լ նզովսն առցե: Եւ որք հաստ(ատ)…ն աւրհնին յԱ(ստուծո)յ: Եւ պարտին ինձ տ(է)ր Յոհանիսի, զԱ(ստուա)ծածնին տաւնի Գ աւրն ի սմա զպատարագն ինձ:

Արձանագրության մեջ ներկայացվում է կառույցի հիմնադրման թվականը, հիմնադրողի անունն ու նպատակը: Գրված է նաև, որ եթե որևէ մեկը ամրոցը Հաղպատի վանքից վերցնի, ապա կարժանանա անեծքի: Նշում (չշփոթել)՝ Կա(յ)են-ը աստվածաշնչյան կերպարի մասին է, ով սպանել է իր եղբորը, և ոչ թե Կայան բառն է:

Քրիստոսի խաչափայտի պահարանը

Հաղպատի վանքի հիմնադրումից ի վեր, Սուրբ Նշան եկեղեցում է պահվել Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը: Վտանգի ժամանակ այն երբեմն տեղափոխվել է Կայանբերդ ամրոց և պահվել Դսեվանք եկեղեցու խորանի կողքի աջակողմյան պատի մեջ ներկառուցված փոքրիկ պահարանում: Այդ նշանավոր իրը կոչվում է Հաղպատի վանքի Սուրբ Նշանի մասունքը և Հայաստան է տեղափոխվել դեռևս 3-րդ դարի վերջում Սուրբ Հռիփսիմեի կողմից: 10-րդ դարում Բագրատունյաց Հայաստանի թագուհի Խոսրովանուշն այն նվիրաբերել է Հաղպատի վանքին: Այն ներկայում պահվում է Հաղպատի վանքի գլխավոր եկեղեցում:

Պեղումներ

2025 թվականին սկսվել են ամրոցի պեղման աշխատանքներ, որոնց ավարտից հետո նախատեսվում է վերականգնել հուշարձանը: Պեղումներն այս հրաշալի կառույցի մասին կբացահայտեն նոր տեղեկություններ:

Ինչպես հասնել

Դսեվանք եկեղեցի և ամրոց կարելի է հասնել Կայանբերդի արահետով՝ Ջրաղացաձորի կամրջի մոտից քայլելով շուրջ 1.5 կմ: Այս դարավոր արահետով ժամանակին դեպի ամրոց են բարձրացել այն պաշտպանող զինվորներն ու ուխտի գնացող ուխտավորները, կրոնական գործիչներ, գիտնականներ և իշխաններ: Մուտքն ազատ է 24 ժամ: Պետք է հաշվի առնել, որ մութ ժամանակ դժվար տեսանելի են ամրոցի պարիսպների վերջավորությունները, իսկ ներքևում անդունդ է:

Այս հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է haghpat.com կայքին։ Խնդրում ենք, հոդվածի բովանդակությունը մեջբերելիս կամ այլ կայքերում օգտագործելիս նշել սկզբնաղբյուրը ակտիվ հղումով։

Դսեվանքով անցնող երթուղիներ

Այլ հուշարձաններ