Հաղպատ գյուղի համայնապատկերը: Հեռվում երևում է Հաղպատի վանքը:

Հաղպատի պատմություն

Հայոց պատմության հազարամյակներ ընդգրկող ընթացքի մեջ կարևորագույն տեղ է զբաղեցնում Հաղպատի պատմությունը: Այն գրվել է հայոց թագավորների ու թագուհիների պետականամետ գործունեությամբ, իշխանների ու իշխանուհիների պայքարի արդյունքում, կրոնական գործիչների աղոթքներով ու գիտնականների մտքի զորությամբ, գյուղացիների աշխատասիրությամբ և հայրենիքին զավակներ պարգևելով:

Մեր օրերում Հաղպատ գյուղն իր պատմամշակութային բազում հուշարձաններով և գեղատեսիլ բնությամբ համարվում է Հայաստանի այցեքարտը, իսկ Հաղպատի վանքը՝ հայերին միավորող խորհրդանիշ:

Այն գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում՝ Առաջնագլուխ և Սուրբ Լույս լեռների լանջերին: Գյուղի հյուսիս-արևմուտքից հոսում է Հայաստանի ամենաջրառատ գետը՝ Դեբեդը, իսկ արևմուտքից՝ Հաղպատի ձորով հոսող Աչեր գետը: Հաղպատի մի կողմում անտառապատ լեռներն են, իսկ մյուս կողմում՝ սարահարթը և անդնդախոր ձորերը: Այս հրաշալի բնապատկերն է, որ դարեր շարունակ ոգեշնչել է հայերին ստեղծել հրաշակերտ կոթողներ ու մշակութային արժեքներ և շարունակել ապրել այդտեղ:

Հնագույն ժամանակներից մինչև տաճարի շինարարություն

Հաղպատը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, սակայն նրա պատմությունը հիմնականում ներկայացվում է 10-րդ դարից սկսած: Այս հանգամանքն իր հստակ պատճառներն ունի, որոնք կապված է նախ և առաջ քրիստոնեական հռչակավոր տաճարի կառուցման և հետևաբար պատմության մեջ նոր, նշանակալի էջ բացելու հետ: Մյուս պատճառն այն է, որ շատ քիչ է ուսումնասիրվել Հաղպատ գյուղի պատմության մ.թ.ա. ժամանակաշրջանը և դրան հաջորդող 1-ից 9-րդ դարերը:

Հաղպատի տարածքը հնում հայտնի է եղել Սուրբ Լույս անունով: Այդտեղ հայտնաբերվել են մ.թ.ա. 2-ից 1-ին հազարամյակներով թվագրվող հնավայրեր, որոնցից մեկը Սուրբ Լույս լեռան ստորոտին գտնվող բնակատեղին է: Նույն ժամանակաշրջանի է վերագրվում «Ագռավի տապան» անունով հայտնի դամբարանադաշտը: Խիստ սակավաթիվ պեղումների արդյունքում գյուղի տարբեր վայրերից հայտնաբերվել են հնագիտական մի շարք առարկաներ, այդ թվում՝ մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբներով թվագրվող կանգնած ձիու բրոնզե արձանիկ, մ.թ.ա. 12-ից 9-րդ դարերով թվագրվող բրոնզե օձագլուխ ապարանջաններ, ծարիրից կոճակներ, կավե սափորներ ու բաժակներ, նիզակի բրոնզե շեղբ և երկաթյա բեկորներ, մ.թ.ա. 9-ից 6-րդ դարերով թվագրվող երկաթյա դանակ:

Հայտնի է, որ Հայաստանի քրիստոնեական հռչակավոր վանական համալիրները կառուցվել են նախաքրիստոնեական հավատքի հայկական տաճարների տեղում: Այս տեսակետից առկա են մի շարք պնդումներ, որ Հաղպատի վանքի տեղում գոյություն է ունեցել հեթանոսական տաճար:

10-րդ դարում Հաղպատի վանքի հիմնադրումով բնակավայրի անունը դարձավ Հաղպատ, իսկ Սուրբ Լույս անունը մնաց որպես հարևան լեռան անուն:

Բնակավայրի վերելքը 10-14-րդ դարերում

Հաղպատի վանքի հիմնադրում և վերելք

10-րդ դարը Հայաստանի կարևորագույն իրադարձությունների շրջան էր: Արդեն շուրջ 2 դար հայկական հողերի վրա Բագրատունիների կողմից վերականգնվել էր Հայոց թագավորությունը, որը նշանակալի հետք թողեց Հայոց պատմության մեջ: Այդ ազդեցությունը զգացվում է նույնիսկ մինչև մեր օրեր: 953-978 թվականներին Հայոց արքան էր Աշոտ Գ Ողորմածը, ով հայտնի էր Բարեպաշտ կոչումով: Նրա կինը՝ Խոսրովանույշ թագուհին, հայտնի է իր շինարարական լայնածավալ գործունեությամբ:

976 թվականը դառնում է Հաղպատ գյուղի և Հայաստանի հետագա բազում իրադարձությունների սկզբնակետ: Խոսրովանույշ թագուհին իր ամուսնու աջակցությամբ սկսում է Հաղպատի վանքի Սուրբ Նշան եկեղեցու շինարարությունը հանուն իր որդիներ Սմբատի և Գուրգենի երկարակեցության: 978 թվականին Սմբատը դարձել է Բագրատունյաց Հայաստանի թագավոր, հայտնի Սմբատ Բ Տիեզերակալ անունով, իսկ Գուրգենը՝ Լոռու հայոց թագավորության արքա, Կյուրիկյան թագավորական դինաստիայի հիմնադիր։ Երկու թագավորների բարձրաքանդակները փորագրված են Սուրբ Նշան եկեղեցու արևելյան պատի արտաքին երեսին։ Նրանք պատկերված են միմյանց դիմաց կանգնած և ձեռքերով բռնած եկեղեցու փոքր մակետը։ Խոսրովանույշ թագուհին եկեղեցուն է նվիրաբերել նաև Բագրատունիների տոհմական խորհրդանիշներից մեկը՝ Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը, որն այնտեղ է պահվում մինչ օրս:

Եկեղեցու կառուցումը տևում է 15 տարի, որին հաջորդել են վանական համալիրի այլ կոթողների շինարարությունը: Ընդհանուր առմամբ, Հաղպատի վանքը իր ներկա տեսքով ամբողջացել է 10-ից 13-րդ դարերի ընթացքում: Թագուհիների, իշխանների և իշխանուհիների, վանքի առաջնորդների նախաձեռնությամբ կառուցվել են մեծ գավիթը, զանգակատունը, Համազասպի ժամատունը, Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին եկեղեցիները, սեղանատունը, պարիսպները, հիմնվում է Հաղպատի վանքի հռչակավոր մատենադարանն ու դպրոցը: Այն միջնադարյան Հայաստանի գիտակրթական և կրոնամշակութային կենտրոն էր, որի հետ կապված էին ժամանակի հայտնի գիտնականներ, պատմիչներ, եկեղեցականներ: Այդպիսիք էին Հովհաննես Իմաստասերը, Դավիթ Գանձակեցին, Դավիթ Քոբայրեցին և այլոք: Հաղպատում է գրվել և պահվել հայոց փոքր տոմարը, բազմաթիվ ձեռագիր մատյաններ, որոնց շնորհիվ այսօր հայտնի են Հայոց պատմության տարբեր իրադարձություններ:

Այս ամենի արդյունքում, Հաղպատի վանքը դարձել է Հայաստանի կարևորագույն հաստատություններից մեկը: 1064 թվականին այն հռչակվել է եպիսկոպոսական աթոռ և այդ կարգավիճակում մնացել մինչև 1836 թվականը:  Հաղպատը Հայ առաքելական եկեղեցու չորս վանքերից մեկն էր, որի առաջնորդը մասնակցում էր Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրությանը, իսկ այդտեղի հոգևորականությունը՝ Հայաստանի և Հայ առաքելական եկեղեցու կարևորագույն որոշումներին:

Կյուրիկյանները և Հաղպատը (10-12-րդ դարեր)

Կյուրիկյանները Բագրատունյաց հարստության կրտսեր ճյուղն էին, որոնք 10-րդ դարի վերջից մինչև 12-րդ դարի սկիզբը իշխում էին Տաշիր-Ձորագետի թագավորությունում (Լոռու հայկական թագավորություն)։ Տոհմի հիմնադիրը Բագրատունյաց Հայաստանի արքա Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենն էր, ում հետագայում կոչել Կյուրիկե: Նրա անունով էլ կոչվեց թագավորական տոհմը՝ Կյուրիկյաններ, իսկ նրա ժառանգները դարձան Հայաստանի հյուսիսային դարպասների հզոր պաշտպաններն ու մշակույթի հովանավորները։

Կյուրիկյանների կապը Հաղպատի հետ ունեցել է թե՛ քաղաքական, թե՛ հոգևոր խորը արմատներ և ուղեկցվել է նրանց իշխանության ամբողջ ընթացքում և նույնիսկ դրանից հետո: Հաղպատի վանքը հանդիսացել է տոհմի հոգևոր կենտրոնն ու թագավորական տապանատունը։ Վանքի Մեծ գավիթի հատակին մինչ օրս պահպանվել են Կյուրիկյան արքաների և նրանց տոհմի ներկայացուցիչների տապանաքարերը։ Այստեղ թաղված լինելու հանգամանքը վկայում է այն բարձրագույն հարգանքի մասին, որն այս տոհմը տածել է Հաղպատի վանքի նկատմամբ՝ այն համարելով իրենց հավերժական հանգստարանը։

Կյուրիկյան թագավորների օրոք Հաղպատը ապրել է իր ոսկեդարը։ Ըստ էության, Հաղպատի վանքի առաջին և գլխավոր կառույցի՝ Սուրբ Նշան եկեղեցու շինարարությունը նախաձեռնել է Բագրատունյաց Հայաստանի թագուհի Խոսրովանույշը, ում մահից հետո եկեղեցաշինությունն ավարտին է հասցրել նրա որդի Կյուրիկեն, նույն ինքը՝ Տաշիր-Ձորագետի թագավորության հիմնադիր արքան: Այսպիսով, Բագրատունի Կյուրիկյանների գործունեության շնորհիվ Հաղպատի վանքն ու բնակավայրը դարձան հայոց թագավորական փառքի խորհրդանիշներ և նույնիսկ թագավորության անկումից հետո վանական համալիրը շարունակեց մեծ դեր ունենալ Հայաստանի քաղաքական ու կրոնական կյանքում:

1064 թվականին Տաշիր-Ձորագետի արքա Կյուրիկե Բ-ի կողմից Հաղպատի եպիսկոպոսական աթոռի հռչակումը պատահական չէր։ Դա նպատակ ուներ պահպանել և ամրապնդել Լոռու թագավորության ինքնուրույնությունը և հոգևոր անկախությունը։ Այդտեղից իրականացվում էր տարածաշրջանի հոգևոր կյանքի կառավարումը: Հաղպատի եպիսկոպոսական աթոռն իր գործունեությունը շարունակեց մինչև 1836 թվականը:

Հայոց եկեղեցու պառակտման և անիշխանության դժվարին շրջանում, երբ Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսը հեռացել էր Կիլիկիա՝ նվիրվելով ճգնության ու թարգմանչական գործին, հայ իշխանների և Կյուրիկե Բ թագավորի նախաձեռնությամբ Հաղպատի վանքը դառնում է հոգևոր վերածննդի կենտրոն: 1081 թվականին, ստանալով Վկայասեր հայրապետի և Անիի տեր Մանուչե ամիրայի հավանությունը (Անի քաղաքը գտնվում էր օտարազգի նվաճողների տիրապետության ներքո), Հայոց Կյուրիկե թագավորը Հաղպատ է հրավիրում Աղվանից կաթողիկոսին (Գանձասարի կաթողիկոսություն, որը Հայոց եկեղեցու մի թևն էր և որի իշխանությունը տարածվում էր Հայոց Գարդման, Արցախ նահանգներում և Կուր գետից արևելք), ով այստեղ Բարսեղ Ա Անեցուն ձեռնադրում է կաթողիկոսական տեղապահ և աթոռակից: Այս նշանակալի իրադարձությամբ Հաղպատը դառնում է Հայոց եկեղեցու կարևորագույն կենտրոններից մեկը: Թեև մինչև 1105 թվականը Բարսեղը պաշտոնապես համարվում էր աթոռակից, նա փաստացի հենց Անիից էր գործնականում ղեկավարում ու կարգավորում Հայոց եկեղեցու համազգային գործերը՝ հենվելով նաև Հաղպատի վանքի գիտակրթական և քաղաքական մեծ ազդեցության վրա: 1105 թվականին, Գրիգոր Բ Վկայասեր հայրապետի մահից հետո, Բարսեղ Անեցին ստանձնում է Ամենայն Հայոց միանձնյա կաթողիկոսական գահը՝ միավորելով հայոց հայրապետական բոլոր աթոռները:

1185 թվականին Լոռու արքա Կյուրիկե Գ-ի դուստրը՝ արքայադուստր Մարիամը, իր քրոջ՝ Ռուսուգանի օգնությամբ Հաղպատի վանքի Սուրբ Նշան եկեղեցու դիմաց կառուցել է Կյուրիկյան թագավորական տան տապանատուն-գավիթը, որը 1208 թվականին ընդարձակվել է վանահայր Հովհաննես Խաչենցու կողմից:

Կյուրիկյանների օրոք Հաղպատը դառնում է ամբողջ Հայաստանի ոչ միայն կրոնական, այլև գիտակրթական խոշորագույն ու առաջատար կենտրոններից մեկը: 10-րդ դարում բացվում է Հաղպատի դպրոցը կամ որ հաճախ անվանում են՝ համալսարանը: Սկզբնական շրջանում այդտեղ ուսումնասիրում էին կրոնական թեմաները և ստեղծում ու ընդօրինակում ձեռագիր մատյաններ: Կարճ ժամանակ անց այն դարձավ գիտական հզոր կենտրոնի: Այդտեղ է ուսում ստացել Գարդմանում ծնված միջնադարյան խոշորագույն գիտնական, կրոնական ու կրթական գործիչ Հովհաննես Իմաստասերը: Նա հետագայում դարձել է Հաղպատի դպրոցի ղեկավար: Հովհաննես Իմաստասերի ղեկավարությամբ դպրոցում ներդրվել է երաժշտության, արվեստի, տոմարագիտության, մաթեմատիկայի և այլ ոլորտների ուսուցում: Հաղպատի դպրոցի ստեղծած ձեռագրերի համար արդեն 11-րդ դարում կառուցվում է Հաղպատի հռչակավոր գրադարանը:

Կյուրիկյան արքայատոհմի ներկայացուցիչները մշտական աջակցության և ուշադրության կենտրոնում են պահել Հաղպատը: Նրանց իշխանության ժամանակաշրջանում և հովանավորությամբ տարբեր հայ իշխանական տների ներկայացուցիչների կողմից նույնպես իրականացվել է շինարարական գործունեություն: Այդպիսի օրինակ է 10-րդ դարում Հաղպատի ձորում Զարեհ իշխանի կառուցած Զարնի և Պարնի քարայր – ամրոցային համալիրը:

Կյուրիկյանների դարաշրջանը Հաղպատի համար եղավ հզորացման և ծաղկման շրջան, երբ սովորական բնակավայրը վերածվեց համահայկական նշանակության մշակութային և հոգևոր հսկայի, որի փառքը տարածվեց Հայաստանի սահմաններից շատ հեռու։

Սակայն այդ ամենը հեշտ չիրականացավ: Տարբեր ժամանակներում թշնամական ուժերը փորձում էին նվաճել Տաշիր – Ձորագետի հայկական թագավորությունը: 11-րդ դարի սկզբներին արևելքից Հայկական լեռնաշխարհ ներխուժեցին թուրք-սելջուկները: Արդեն 1064 թուրք-սելջուկներն իրենց առաջնորդ Ալփարսլանի ղեկավարությամբ մեծաքանակ զորքով ներխուժեցին Լոռի: Միայն Կյուրիկե Բ թագավորի դիվանագիտական ջանքերի շնորհիվ կանխվեց երկրամասի ավերածությունը: Սակայն, հետագայում թուրք-սելջուկները շարունակում են հարձակումներ գործել՝ իրականացնելով հայերի կոտորած և ավերածություններ: Թալանվում են նաև Հաղպատի և Սանահինի վանքերը: Շարունակ թուլացող Կյուրիկյան թագավորությունը վերջնական հարված ստացավ Վրաց թագավոր Դավիթ Շինարարից, ով 1118 թվականին ներխուժեց Հայաստան և գրավեց Տաշիր-Ձորագետի այդ ժամանակվա մայրաքաղաք Լոռի բերդը և հարակից տիրույթները: Այդպիսով, Կյուրիկյանները ստիպված էին հեռանալ իրենց թագավորության արևելյան շրջաններ՝ սահմանափակվելով իշխանական կարգավիճակով: Չնայած Տաշիր-Ձորագետի թագավորության քաղաքական անկմանը՝ Բագրատունի հայոց արքայատան ներկայացուցիչների հիմնադրած Հաղպատը մնաց որպես Հայաստանի հոգևոր և մշակութային հզոր կենտրոն:

Հաղպատը Զաքարյանների իշխանապետության շրջանում

Հարգելի ընթերցող, տեքստի շարունակությունը կավելցվի շուտով:

Այս հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է haghpat.com կայքին։ Խնդրում ենք, հոդվածի բովանդակությունը մեջբերելիս կամ այլ կայքերում օգտագործելիս նշել սկզբնաղբյուրը ակտիվ հղումով։