Կայանբերդ ամրոց

Տեսակ՝ Ամրոց
Թվական՝ 1233
Հաղպատի և Սանահինի վանքերի պահապան ամրոցը
Կայանբերդը Հայաստանի Լոռու մարզի ամենահետաքրքիր և գեղատեսիլ ամրոցներից է: Հաղպատ գյուղի դիմաց գրեթե չորս կողմից խորը ձորերով շրջապատված բարձրունք է, որի վրա կառուցվել է Կայանբերդ ամրոցը: Իր բարձրադիր դիրքի շնորհիվ հսկիչ դեր է ունեցել Դեբեդի ձորի երկայնքով և շրջակա սրբավայրերի, հատկապես Հաղպատի և Սանահինի վանքերի նկատմամբ: Արտաքին վտանգի ժամանակ վանքերի արժեքավոր իրերը, այդ թվում նաև՝ Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը, բերվել են այստեղ:
Համաձայն Կայանբերդ ամրոցի ներսում գտնվող եկեղեցու պատի հայերեն արձանագրության՝ 1233 թվականին կառուցել է Զաքարե Զաքարյան իշխանի քրոջ որդի, Հաղպատի վանքի առաջնորդ Հովհաննեսը և այն կոչել Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի: Կայանբերդ անունը հետագայում է տրվել ամրոցին: Հաշվի առնելով տեղանքի ռազմավարական դիրքը՝ ամենայն հավանականությամբ նախկինում այստեղ նույնպես եղել է ամրոց, հնարավոր է՝ Կյուրիկյան թագավորների կառուցած, որի հիմքի վրա վերակառուցվել է նորը:
Ճարտարապետական նկարագիր
Կայանբերդն ունի 120 մ հյուսիս-հարավ ձգվածություն, ամենալայն հատվածը 20 մ է: Երկու մասերից կազմված ամրոցը շրջապատված է հզոր պարիսպներով և շրջանաձև ամուր աշտարակներով, որոնք կառուցվել են մուրճով տաշած բազալտե քարերով: Միակ մուտքն արևելքից է: Այցելուները պետք է պարսպի դիմացով անցնեին և ներս մտնեին ուղղանկյուն աշտարակի ներսում բացված փոքր, կամարակապ դռնով, որի մոտ տեղադրված բազալտե խաչքարը ներկայում էլ իր տեղում է:
Ամրոցի ներսում պահպանվել են տարբեր նշանակության շինությունների ավերակներ: Այստեղ եղել են զինվորների կացարաններ, ջրամբարներ: Խմելու ջուրը կավե թրծված խողովակներով գետնի տակով բերվել է Ակներ գյուղի հարակից անտառապատ սարից:
Դսեվանք եկեղեցի
Հարավային մասում պահպանվել է սրբատաշ բազալտից կառուցված հայ առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն առավել հայտնի է Դսեվանք անունով: Արտաքինից ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով գմբեթակիր կառույց է: Մուտքն արևմուտքից է՝ զարդարված համեստ շրջանակով: Մուտքի վերին մասը՝ բարավորը, կազմված է երեք առանձին քարերից, որոնցից մեջտեղինը խաչաթևերի նմանվող կտրվածքով է:
Կայանբերդը և Դսեվանք եկեղեցին մասսամբ տուժել են 1827 թվականին տեղի ունեցած երկրաշարժից: Մի քանի տարի անց եկեղեցու ավերված գմբեթը վերակառուցել է Հաղպատ գյուղից Մարգար Երզնկյանը, ում գերեզմանը գտնվում է կառույցի հարևանությամբ:
Քրիստոսի խաչափայտի պահարանը
Դսեվանք եկեղեցու խորանի կողքի պատերի մեջ կան փոքրիկ պահարաններ: Ներս մտնելիս աջ կողմի պահարանի մեջ պահվել է Հաղպատի վանքի Սուրբ Նշանի մասունքը, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի խաչափայտի փոքր կտոր: Այն ներկայում պահվում է Հաղպատի վանքի գլխավոր եկեղեցում:
Կայանբերդի պեղումներ
1800-ական և 1900-ական թվականներին Կայանբերդ ամրոցում կատարվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են շինությունների ավերակներ, ջրամբար, կավե խողովակների մնացորդներ: Իրականացվել են չափագրումներ, վերծանվել արձանագրություները:
2025 թվականին մեկնարկել են Կայանբերդի պեղումները: Նախատեսվում է դրանց արդյունքների հիման վրա ամրոցը հետագայում վերականգնել:
Ինչպես հասնել
Կայանբերդ ամրոց կարելի է հասնել Կայանբերդի արահետով՝ Ջրաղացաձորի կամրջի մոտից քայլելով շուրջ 1.5 կմ: Այս դարավոր արահետով ժամանակին դեպի ամրոց են բարձրացել այն պաշտպանող զինվորներն ու ուխտի գնացող ուխտավորները, կրոնական գործիչներ, գիտնականներ և իշխաններ: Մուտքն ազատ է 24 ժամ: Պետք է հաշվի առնել, որ մութ ժամանակ դժվար տեսանելի են ամրոցի պարիսպների վերջավորությունները, իսկ ներքևում անդունդ է:
Այս հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է haghpat.com կայքին։ Խնդրում ենք, հոդվածի բովանդակությունը մեջբերելիս կամ այլ կայքերում օգտագործելիս նշել սկզբնաղբյուրը ակտիվ հղումով: