Եղանակ
Քամու պատկերակ 7 կմ/ժ (Հվ-արմ)

Ժայռամագլցում դեպի Լաստի այր

Լաստի այր քարայրային համալիր

Արահետի նկարագրություն

Հաղպատ գյուղի տարածքում կան բազմաթիվ անմատչելի ու դժվարամատչելի քարայրներ, որոնցից շատերն ունեն պատմական նշանակություն: Դրանց մի մասը ծառայել է որպես Հաղպատի վանքի գրադարանի ձեռագիր մատյանների թաքստոց, ապահով բնակավայր: Այս շարքում իր ուրույն տեղն ունի Լաստի այր քարայրային համալիրը, որը գտնվում է Հաղպատի ձորում՝ Ջրաղացաձոր գյուղատեղիի հարևանությամբ, շուրջ 100 մ բարձրությամբ ուղղաձիգ ժայռի մեջ, գետնից 60-ից 80 մ բարձրության վրա։

Քարայրներին հասնելու համար անհրաժեշտ է մագլցել ուղղաձիգ ժայռը։ Այդ հնարավորությունը ապահովել է հարևանությամբ գործող հանգստյան գոտու տնօրինությունը՝ ժայռի վրա կառուցելով ժայռամագլցման արահետ։

Տեխնիկական նկարագիր և ուղեցույց

Արահետը բարդ և էքստրեմալ մակարդակի է («Վիա Ֆեռատա» ոճի), անհրաժեշտ է հատուկ պատրաստվածություն և ժայռամագլցման սարքավորումներ: Խորհուրդ չի տրվում երեխաներին, մեծահասակներին, ինչպես նաև թույլ նյարդեր կամ բարձրության վախ (ակրոֆոբիա) ունեցողներին: Քարայրներ բարձրանալ միայն ցերեկային ժամերին: Խուսափել քամոտ, անձրային եղանակներին, ինչպես նաև կայծակի ու ձմռան ժամանակ բարձրանալուց: Միակողմանի երթուղու տևողությունը 1-1.5 ժամ է, իսկ վերադարձով՝ մոտ 2 ժամ:

Պարտադիր է նախապես դիմել հարակից հանգստյան գոտու տնօրինությանը՝ ժայռամագլցման թույլտվություն ստանալու համար։ Նրանցից կարելի է վերցնել ոչ պրոֆեսիոնալ անվտանգային գոտի: Ցանկալի է ալպինիստական հարմարանքները ձեզ հետ բերել:

Ժայռամագլցման սկզբնակետին մոտենալու համար անհրաժեշտ է հասնել Հաղպատ-Ծաղկաշատ գյուղերի ճանապարհի խաչմերուկ: Ավտոմեքենայի կայանման համար կա անվճար և վճարովի կայանատեղի: Այդտեղից պետք է քայլել դեպի ձորը, անցնել 13-րդ դարի Ջրաղացաձորի կամուրջը, բարձրանալ ռեստորանային համալիրի վերևի հատված ու մոտենալ ուղղահայաց ժայռին: Այդտեղից սկսվում է ժայռամագլցումը:

Բարձրանալիս նայեք ներքև և վայելեք Հաղպատի ձորի տեսարանը։ Վերևից բացվում է հիասքանչ պատկեր՝ ձորով հոսող Աչեր գետ, միջնադարյան կամուրջ, անտառապատ սարեր և Հաղպատ գյուղ բարձրացող ոլորապտույտ ճանապարհ։ Քարայրներին հասնելիս նկատելի են ժայռերի մեջ տեղադրված հին գերանների մնացորդները։ Դրանք ժամանակին փայտյա լաստերի մասեր էին, որոնց վրայով մարդիկ քայլում էին։ Ամենամեծ քարայրը հսկա դահլիճ է՝ մասամբ պահպանված քարե մուտքով։ Մյուս քարայրներում պահպանվել են թոնիր, կավե սափորների կտորներ և փոքրիկ ջրավազան։ Բացի այդ, ժայռամագլցումն այստեղ ոչ միայն փորձություն է, այլև հնարավորություն՝ զգալու պատմության ու վայրի բնության միաձուլումը։

Այս երթուղու հարևանությամբ է սկսվում նաև դեպի պատմական Կայանբերդ ամրոց տանող տպավորիչ արահետը:

Զգուշացում

  • *  Խնդրում ենք չվնասե՛լ բնությունը և պատմամշակութային հուշարձանները: Այդպիսի գործողությունները քրեորեն պատժելի արարք են: 
  • * Պահպանել հրդեհային անվտանգության կանոնները. ժայռը գտնվում է անտառային հրդեհավտանգավոր գոտում:
  • * Աղբի առկայության դեպքում այն պահեք ձեզ մոտ, որպեսզի քայլարշավի վերջում գցեք աղբարկղը:

Անվտանգության նկատառումներ

Խնդրում ենք ժայռամագլցման ընթացքում լինել առավել քան զգոն:

  • * Խորհուրդ չի տրվում բարձրության վախ (ակրոֆոբիա) ունեցողներին:
  • * Խստիվ խորհուրդ է տրվում խուսափել մութ ժամերին ժայռամագլցումից կամ քարայրներում մնալուց:
  • * Անձրևի, ձյան, խոնավ եղանակի ժամանակ ժայռերից բռնվելը չափազանց դժվար է, ուստի սայթաքելու հնարավորությունը մեծ է: Հնարավոր է նաև քարաթափում:
  • * Խուսափեք կայծակի ժամանակ ժայռի վրա լինելուց, քանի որ բաց տարածությունում կարող եք դառնալ հաղորդիչ:
  • * Ժայռամագլցման ամբողջ ընթացքում կրեք անվտանգության գոտի, որը պարանով ամրացված լինի արահետի երկայնքով ձգվող երկաթյա պարանին: Անզգույշ քայլը կարող է ճակատագրական լինել։
  • * Խորհուրդ է տրվում կրել արշավային, թեթև և հարմարավետ կոշիկներ, խուսափել լայնեզր կամ չափազանց նեղ հագուստից։ Ցանկալի է կրել պաշտպանիչ սաղավարտ:
  •  * Ձեզ հետ վերցրեք խմելու ջուր: Ջրաղացաձորի կամրջի մոտ կա ջրի աղբյուր, որը երբեմն չի գործում:
  • * Օգնության անհրաժեշտության դեպքում զանգահարել 102 կամ 911 հեռախոսահամարներով:
Այս հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է haghpat.com կայքին։ Խնդրում ենք, հոդվածի բովանդակությունը մեջբերելիս կամ այլ կայքերում օգտագործելիս նշել սկզբնաղբյուրը ակտիվ հղումով։

Ժայռամագլցում դեպի Լաստի այր երթուղու վրա գտնվող հուշարձաններ

Այլ երթուղիներ