Ժայռամագլցում դեպի Լաստի այր
Լաստի այր քարայրային համալիրը գտնվում է Հաղպատի ձորում՝ Ջրաղացաձոր գյուղատեղիի հարակից, շուրջ 100 մ բարձրություն ունեցող ուղղահայաց ժայռի մեջ: Քարայրները 60-ից 80 մ բարձրության վրա են: Թվագրվում են 10-ից 15-րդ դարերով և ծառայել են Հաղպատի վանքի ձեռագրերի պահոց, մագաղաթների պատրաստման արհեստանոց, բնակության վայր: Այնտեղ հասնելու մեկ տարբերակ կա՝ ժայռամագլցում, որի հնարավորությունը տվել է հարևանությամբ գործող հանգստյան գոտու տնօրինությունը՝ ժայռի վրա կառուցելով ժայռամագլցման արահետ:
Արահետին հասնելու համար պետք է Հաղպատ և Ծաղկաշատ գյուղերի ճանապարհների խաչմերուկից իջնել դեպի ձոր, անցնել Ջրաղացաձորի միջնադարյան կամրջի վրայով, բարձրանալ դեպի ուղղաձիգ ժայռը: Այստեղից կսկսվի ժայռամագլցումը, որի համար անհրաժեշտ է ալպինիստական հարմարանքներ: Դժվարանցանելի ու վտանգավոր երթուղի է:
Բաց է ցերեկային ժամերին: Պարտադիր է դիմել հարակից հանգստյան գոտու տնօրինությանը ժայռամագլցման թույլտվություն ստանալու համար: Խստիվ արգելվում է ձյան, անձրևային, քամոտ եղանակներին բարձրանալ:
