Սուրբ Լույս լեռան արահետ
Սուրբ Լույս լեռան արահետը Հայաստանի ամենահետաքրքիր և քիչ հայտնի քայլարշավային երթուղիներից է: Այն միավորում է Լոռու մարզի վայրի ու գեղատեսիլ բնությունը և Հաղպատ գյուղի պատմությունը։ Արահետը տանում է դեպի Սուրբ Լույս լեռան գագաթ, որտեղից բացվում է անմոռանալի տեսարան դեպի Դեբեդի կիրճ, Վիրահայոց և Գուգարաց լեռներ, Հաղպատ գյուղ և հարակից բնակավայրեր:
Դեպի գագաթ տանող մի քանի երթուղի կա, սակայն մենք ընտրել ենք ամենահետաքրքիրն ու դիտարժանը: Արահետի սկզբում անցնելու եք գյուղական միջավայրով, տեսնելու եք պատմական հուշարձաններ, իսկ վերելքը ներառելու է լեռան անտառապատ լանջերը: Սա մի հեքիաթային երթուղի է, որը հաղթահարելով կզգաք հայկական լեռների ուժը:
Հենց այս լեռն է իր գեղեցկությամբ ու էներգետիկ միջավայրով գրավել Բագրատունյաց Հայաստանի թագուհի Խոսրովանույշին, ով 10-րդ դարում լանջին հիմնադրել է Հաղպատի վանքը: Այս լեռան լանջերից են սառնորակ ու քաղցրահամ ջրերը 13-րդ դարից սկսած հոսում դեպի Հաղպատի վանքի աղբյուր: Այս լեռան վրա են աճում բազմաթիվ բացառիկ ծառատեսակներ, այդ թվում՝ կարմիր գրքում գրանցված հատապտղային կենի: Ընդհանուր առմամբ, Սուրբ Լույս լեռը մեծ արժեք է ներկայացնում ինչպես էկոհամակարգի, այնպես էլ պատմամշակութային տեսանկյունից:
Տեխնիկական նկարագիր և ուղեցույց
Արահետը միջին բարդության է: Երկարությունը վերադարձով 7.5 կմ է: Լեռան բարձրությունը 1857 մ է, իսկ արահետի սկզբնակետից հարաբերական բարձրությունը մոտ 870 մ է: Միակողմանի երթուղու տևողությունը 3-ից 4 ժամ է, իսկ վերադարձով՝ մոտ 5-6 ժամ (կախված լեռնագնացի ֆիզիկական պատրաստվածությունից): Արահետն առավել գեղեցիկ է գարուն-աշուն ամիսներին: Երթուղին և կանգառների կետերը ներկայացված են քարտեզում, իսկ նկարագրությունը՝ ստորև:
Քայլարշավը սկսվում է Հաղպատի վանքից, սակայն եթե գտնվում եք այլ վայրում, ապա մեկնարկային կետ համարեք Հաղպատի դիտակետը: Ավտոմեքենայի կայանման համար վանքի դիմացի հրապարակում կա անվճար կայանատեղի: Հրապարակի ասֆալտապատ ճանապարհով պետք է քայլել դեպի ձոր (հետևեք կարմիր գծին), որտեղ գտնվում է Զորավանք եկեղեցին (շրջապատված է մասնավոր տարածքով, ուստի ներս մտնելու համար դիմեք տարածքի սեփականատիրոջը): Այդտեղից սկսվում է վերելքը:
Քայլեք դեպի Հաղպատի դիտակետ, որն իրենից ներկայացնում է հարթակ, որտեղից երևում է Հաղպատի վանքի գեղեցիկ համայնապատկերը: Քայլելով առաջ՝ անցնելով մասնավոր այգիների մոտով, այնուհետև բացատի միջով, կհասնեք ցածրաճ բոխիների անտառ: Հետևեք արահետին, որպեսզի անտառում չմոլորվեք: Ձեր առջև կբացվի ավելի ընդարձակ բացատ, որն անցնելուց հետո կհայտնվեք հսկա ծառերով անտառի մուտքի մոտ: Այստեղից սկսվում է հեքիաթը:
Անտառի ներսում քայլեք բացառապես արահետով, քանի որ առկա են վտանգավոր հատվածներ և մոլորվելու հավանականություն: Ոլորապտույտ երթուղին ձեզ կհասցնի մինչև գագաթ, որն իրենից ներկայացնում է փոքր բացատ, հիմնականում զուրկ ծառերից:
Վերադարձը մինչև մեծ բացատ հասնելը՝ նույն ճանապարհով: Անտառից դուրս գալուց հետո իջեք աջ կողմում գտնվող ձորը (հետևեք նարնջագույն գծին), որտեղով անցնում է գրունտային ճանապարհ: Այն ձեզ կտանի մինչև Կուսանաց անապատ եկեղեցի, Հաղպատի վանքի աղբյուր և վերջապես՝ Հաղպատի վանք:
Զգուշացում
- * Խնդրում ենք չվնասե՛լ բնությունը և պատմամշակութային հուշարձանները: Նման գործողությունները քրեորեն պատժելի են:
- * Խստիվ արգելվում է կրակ վառել. անտառը գտնվում է հրդեհավտանգավոր գոտում: Անգամ ծխախոտի մնացորդը կարող է աղետալի լինել: Բնությունը վնասելը քրեորեն պատժելի արարք է:
- * Արահետի վրա աղբամաններ չկան: Խնդրում ենք աղբը վերցնել ձեզ հետ և թափել գյուղում գտնվող աղբարկղերի մեջ:
- * Սունկ մի՛ հավաքեք. դրանց մեծ մասը թունավոր են:
- * Հատապտղային կենին թունավոր ծառ է, նկտելու դեպքում դիտեք հեռվից, ճյուղերին կամ պտուղներին չդիպչել:
- * Քարքարոտ և արևկող հատվածներում զգուշացեք օձերից:
Խորհուրդներ
- * Խուսափեք արշավել մութ ժամերին, ձյան շերտի առկայության, մառախուղի կամ հորդառատ անձրևների ժամանակ:
- * Անտառում քայլեք բացառապես արահետով՝ մոլորվելուց կամ վտանգավոր հատվածներից խուսափելու համար:
- * Կրեք արշավային կոշիկներ և արշավային հագուստ (ցանկալի է վառ գույների):
- * Վերցրեք 1-2 լիտր ջուր և սնունդ: Հաղպատի վանքի հրապարակին կից կա աղբյուր (եթե ծորակին միացված ռետինե խողովակ լինի, ժամանակավորապես հանել այն՝ օգտվելու համար):
- * Օգնության անհրաժեշտության դեպքում զանգահարել 102 կամ 911 հեռախոսահամարներով:
14°