Եղանակ 14°
Քամու պատկերակ 17 կմ/ժ (Հվ-արմ)

Հաղպատի մեծ աղբյուրի արահետ

Հաղպատի վանքի աղբյուրը՝ եռակամար մուտքով: Մեծ աղբյուրի արահետի մաս:

Արահետի նկարագրություն

Հաղպատ գյուղի Մեծ աղբյուրի արահետը բավականին հեշտ է և միևնույն ժամանակ պատմամշակութային հուշարձաններով և բնության գեղատեսիլ տեսարաններով հարուստ: Այն Հաղպատի վանքը միացնում է Կուսանաց անապատ եկեղեցուն՝ անցնելով Հաղպատի վանքի աղբյուրի, միջնադարյան գերեզմանոցի և այլ հուշարձան-շինությունների մոտով: Վերջնամասից բացվում է հրաշալի տեսարան դեպի անտառապատ Սուրբ Լույս լեռ,  Հաղպատ գյուղ, Դեբեդի կիրճ և Վիրահայոց լեռներ: Հաղպատի վանքի աղբյուրը կառուցվել է 1258 թվականին և իր ճարտարապետությամբ բացառիկ է: 13-րդ դարից հարակից լեռան լանջերից սառնորակ ջուրը կավե խողովակներով հասնում է աղբյուր: Ջուրը սառնորակ է և խմելու: Կուսանաց անապատ եկեղեցին կառուցվել է 1200-1230 թվականների միջակայքում: Ունի հետաքրքիր ճարտարապետական լուծումներ: Շրջակայքում են գտնվում չափերով մեծ խաչքարեր: Միջնադարյան գերեզմանոցում պահպանվել են տարբեր տեսակի խաչքարեր և տապանաքարեր: Սակայն ժամանակակից գերեզմանոցի տարածման պատճառով այս հուշարձանախումբը բավականին վնասվել է: Արահետի վրա են գտնվում նաև ավելի ուշ ժամանակներում կառուցված վանատան շենքն ու փայտյա պատշգամբով երկհարկանի լքված տունը, որոնք հետաքրքրություն են ներկայացնում զբոսաշրջիկների համար:

Տեխնիկական նկարագիր և ուղեցույց

Արահետը հեշտ: Հարմար է նաև երեխաների և մեծահասակների համար: Միջնադարյան աղբյուրի, եկեղեցու և պատմական գերեզմանոցի մուտքն ազատ է 24 ժամ, սակայն խորհուրդ չի տրվում գիշերային ժամերին գերեզմանոցի հատված և եկեղեցի այցելել: Միակողմանի երթուղու տևողությունը 30 րոպե է, իսկ վերադարձով՝ մոտ 45 րոպե: Երթուղու միակողմանի երկարությունը 550-600 մ: Արահետն առավել գեղեցիկ է գարուն-աշուն ամիսներին: Քայլարշավը սկսվում է Հաղպատի վանական համալիրից: Եթե գտնվում եք վանքի դիմացի հրապարակում, ապա քայլեք վանքի ձախ կողմով անցնող ճանապարհով մինչև համալիրի հակառակ կողմը: Եթե վանքի տարածքում եք, ապա դուրս եկեք արևմտյան կողմում գտնվող պատմական մեծ մուտքով (կամարով բազալտե մուտք): Ձեր դիմաց կտեսնեք հնաոճ ճարտարապետությամբ բազալտե քարերով վանատունը: Այդտեղից քայլելով մոտ 60 մ՝ ձախ կողմում կտեսնեք փայտյա պատշգամբով երկհարկ տունը, որի կողքին է գտնվում Հայաստանի ամենանշանավոր հուշարձաններից մեկը՝ Հաղպատի վանքի աղբյուրը: Ուշադիր լինելու դեպքում անմիջապես հետևում կտեսնեք միջնադարյան գերեզմանոցի խաչքարերից: Ճանապարհով շարունակեք ուղիղ քայլել դեպի բարձրունք: Ձախ կողմում գտնվում է պատմական գերեզմանոցի տարածքը, որը, ժամանակակից գերեզմանոցի ի հայտ գալով, մեծապես վնասվել է: Միջնադարյան խաչքարեր և տապանաքարեր տեսնելու համար պետք է փոքր ինչ առաջանալ մինչև ժամանակակից գերեզմանոցի մուտքը և ներս մտնել: Ձեզ հետաքրքրող կոթողները գտնվում են ձախ կողմում իրարից հեռու: Դեպի Կուսանաց անապատ եկեղեցի հասնելու համար առաջարկում ենք ընտրել ոչ թե գերեզմանոցի միջի արահետը, այլ դրա ներքևով անցնող գրունտային ճանապարհը: Անցնելով եկեղեցու ներքևի մասով և հասնելով գրունտային ճանապարհների խաչմերուկ՝ քայլեք դեպի ձախ և մոտ 100 մետրից կհասնեք եկեղեցու մոտ: Ցանկապատի մեջ կա երկաթյա դարպաս, բացեք և ներս մտեք: Վերադարձը նույն երթուղով:

Զգուշացում

  • *  Խնդրում ենք չվնասե՛լ պատմամշակութային հուշարձանները: Այդպիսի գործողությունները քրեորեն պատժելի արարք են:
  • *  Կրակ չվառե՛լ. տեղանքը գտնվում է անտառին մոտ և հրդեհավտանգավոր գոտում:
  • * Աղբը թափել աղբամաններում, որոնք առկա են երթուղու տարբեր մասերում:

Անվտանգության նկատառումներ

  • * Զգուշացեք օձերից, որոնց հնարավոր է հանդիպել գերեզմանոցի տարածքում և Կուսանաց անապատ եկեղեցու շրջակայքում ամռան ամիսներին։
  •  * Ձեզ հետ ունեցեք խմելու ջուր: 13-րդ դարից սկսած օրը 24 ժամ ջուրը հասանելի է Հաղպատի վանքի աղբյուրում: Խմեք ծորակից, ոչ թե ջրավազանից:
  • * Օգնության անհրաժեշտության դեպքում զանգահարել 102 կամ 911 հեռախոսահամարներով:
Այս հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է haghpat.com կայքին։ Խնդրում ենք, հոդվածի բովանդակությունը մեջբերելիս կամ այլ կայքերում օգտագործելիս նշել սկզբնաղբյուրը ակտիվ հղումով։

Հաղպատի մեծ աղբյուրի արահետ երթուղու վրա գտնվող հուշարձաններ

Այլ երթուղիներ