Լաստի այր քարայրային համալիր

Տեսակ՝ Քարայր

Հաղպատ գյուղի դժվարամատչելի հուշարձանը

Լաստի այրը քարայրային համալիրը Հայաստանի բացառիկ հուշարձաններից է: Ունեցել է յուրահատուկ պաշտպանական կառուցվածք և գիտամշակութային նշանակություն: Գտնվում է Հաղպատի ձորում՝ Ջրաղացաձոր գյուղատեղիի հարակից ուղղահայաց ժայռի մեջ, գետնից մոտ 70 մ բարձրության վրա:

Պահպանված տեղեկությունների համաձայն՝ օգտագործվել է 10-ից 15-րդ դարերում: Եղել է Հաղպատի վանքի ձեռագրերի պահոց, մագաղաթների պատրաստման արհեստանոց, բնակության վայր: 1978 և 2024 թվականներին կատարված ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերվել են հնագույն մագաղաթների հատվածներ, կավե սափորների ու կարասների կտորներ: Մագաղաթի կտորները պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:

Պաշտպանական յուրահատուկ համակարգ

Քարայրների դիմաց, մի քանի հարկով կռուցված են եղել փայտյա լաստեր, որից էլ առաջացել է Լաստի այր (քարայր) անունը: Ժայռերի մեջ բացված խորը անցքերում տեղադրել են կաղնու մշակված, հաստ գերաններ, որոնց վրա փռել խղողի հաստ ճյուղերից գործված գորգ: Ներս մտնելուց հետո գորգը հավաքել են, որպեսզի թշնամիները չկարողանան մոտենան քարայրներին: Իսկ որպեսզի թշնամին չկարողանա Ակներ գյուղի սարահարթից պարանով իջնել, հիմնական քարայրներից վերև բացվել է փոքր անցք այնպես, որ այդտեղ հերթապահող նետաձիգը տեսանելի չլինի ո՛չ վերևից, ո՛չ ներքևից և հեշտորեն կարողանա նետահարել անցանկալի այցելուին: Ժամանակին մեծ քարայրից դեպի սարահարթ բացված է եղել նաև գաղտնուղի :

Այցելելու համար

Բարձունքը հաղթահարելը չափազանց վտանգավոր է: Տարածքը վերահսկվում է հարևանությամբ գտնվող հանգստյան գոտու ղեկավարության կողմից: Ժայռամագլցման թույլտվություն ստանալու համար պետք է դիմել նրանց: Առավել մանրամասն կարդալ Ժայռամագլցում դեպի Լաստի այր հոդվածը:

Այս հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է haghpat.com կայքին։ Խնդրում ենք, հոդվածի բովանդակությունը մեջբերելիս կամ այլ կայքերում օգտագործելիս նշել սկզբնաղբյուրը ակտիվ հղումով:

Պիտակներ․ ,

Լաստի այր քարայրային համալիրով անցնող երթուղիներ

Այլ հուշարձաններ