Ջգրաշեն եկեղեցի

Տեսակ՝ Եկեղեցի
Թվական՝ 1195
Պատմություն և տեղադրություն
Ջգրաշեն եկեղեցին կառուցվել է 1195 թվականին հայազգի Սալավմայի կողմից այդտեղ գտնվող քանդված եկեղեցու տեղում: Այս մասին հայերեն արձանագրություններ կան եկեղեցու պատերին: Ի սկզբանե կոչվել է Սուրբ Աստվածածին եկեղեցի:
Հաղպատ գյուղի թաքնված այս հուշարձան գտնվում է Հաղպատի վանքի պարսպից ընդամենը 20 մետր հեռավորության վրա: Քանի որ այցելուների մեծ մասը վանական համալիր են մտնում առանց փոքր եկեղեցուն ուշադրություն դարձնելու, այն հաճախ մնում է աննկատ:
Ճարտարապետական նկարագիր
Ջգրաշեն եկեղեցին կառուցված է սրբատաշ բազալտից և իր ճարտարապետական տեսքով կարծես հանգստություն պարգևի այցելուներին: Ունի ուղղանկյուն հատակագիծ և երկթեք տանիք: Մուտքն արևմտյան կողմից է, որի շրջանակը եզերված է զարդաքանդակներով: Դռան վերևի կիսակլոր քարին փորագրված են փոքր խաչքարեր, աղավնակերպ թռչուններ և վարդանման ծաղիկներ: Նմանատիպ քանդակներ կան պատերին, որոնց մեջ ագուցված Է 2 խաչքար: Դրանք ունեն բուսական պատկերներ և պատրաստված են չափազանց նուրբ ձևով: Արևմտյան և արևելյան կողմերում առկա են մեկական երկար ու նեղ լուսամուտներ, որոնց վերևի մասը կամարակապ է:
Շրջակայքը
Ջգրաշեն եկեղեցու դիմաց փոքրիկ գերեզմանոց է, որտեղ կան 12 տապանաքարեր են: Դրանցից մեկի վրա հայերենով գրված է Դավիթ, իսկ մյուսի վրա՝ Հասան: Այս փոքր գերեզմանոցն, ըստ էության, հանդիսնում է եկեղեցու հիմնադրի տոհմական գերեզմանատունը:
Եկեղեցու մոտից հրաշալի տեսարան է բացվում դեպի Հաղպատի վանքի պարսպի մեծ աշտարակը և Սուրբ Նշան եկեղեցին:
Ինչպե՞ս այցելել
Ջգրաշեն եկեղեցին տեսնելու համար անհրաժեշտ է գնալ Հաղպատի վանքի մուտքի մոտ: Աստիճաններին չհասած՝ աջ կողմում առկա է երկաթյա անշուք դռնակ: Ներս մտնելով՝ կտեսնենք այս փոքրիկ, բայց պատմական հուշարձանը: Գարնան, ամռան և աշնան ամիսներին տարածքում տեղադրված շարժական վաճառասեղանների պատճառով հնարավոր է դռնակը չերևա: Շրջանցեք վաճառասեղանները և ներս մտեք: Մուտքն ազատ է 24 ժամ:
Այս հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է haghpat.com կայքին։ Խնդրում ենք, հոդվածի բովանդակությունը մեջբերելիս կամ այլ կայքերում օգտագործելիս նշել սկզբնաղբյուրը ակտիվ հղումով: