Տեսակ՝ Աղբյուր

Հայկական լեռնաշխարհի ամենանշանավոր աղբյուրներից մեկը գտնվում է Հաղպատ գյուղում: Կառուցվել է 1258 թվականին Հաղպատի վանքի առաջնորդ Հովհաննեսի նախաձեռնությամբ: Հայտնի է որպես Հաղպատի մեծ աղբյուր: Սառնորակ ջուրը Սուրբ Լույս լեռան լանջերից այստեղ է հոսում կավե խողովակների միջոցով և արդեն 800 տարի հագեցնում է այցելուների ծարավը:

Ճարտարապետական լուծումներով համահունչ է Հաղպատի վանքին: Կառուցված է սրբատաշ բազալտե քարերից: Ուղղանկյուն սրահի ճակատային մասը եռակամար է, որոնցից կենտրոնականն ավելի բարձր է և ունի կառուցման ու վերանորոգման մասին հայերեն արձանագրություն: Ջուրը հոսում է երկու ծորակով և թափվում ջրավազանի մեջ:

Բացառիկ այս կառույցի անմիջապես հարևանությամբ է սկսվում է միջնադարյան գերեզմանոցը, որը հարուստ է խաչքարերով և յուրահատուկ տապանաքարերով: Շուրջ 1 կմ հեռու՝ անտառի մեջ, գտնվում է աղբյուրի ջրահավաք ավազանը: Վերակառուցվել է 1827 թվականին Անտոն արքեպիսկոպոսի կողմից, ով Հաղպատ էր այցելել Եփրեմ Ա Երևանցի ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Այդ մասին վկայող հայերեն արձանագրությունը առկա է կառույցի վրա:

Գտնվում է Հաղպատի վանքից դեպի Կուսանանց անապատ եկեղեցի տանող արահետին: Տարբեր դարերում աղբյուրից ջուր են խմել հայոց թագավորներ ու թագուհիներ, իշխաններ ու իշխանուհիներ, գիտնականներ և կրոնական գործիչներ, տեղի բնակիչներ և ճանապարհորդներ: Բաց մի թող պատմական հնարավորությունը՝ վայելելու սրբազան ջրի սառնությունը: Մուտքն ազատ է 24 ժամ:

Այլ հուշարձաններ