Հաղպատի Ամենափրկիչ խաչքար
Հայաստանի ամենայուրօրինակ և հռչակավոր կոթողներից է Հաղպատի Ամենափրկիչ խաչքարը: Այն հայկական խաչքարագործության բարձրարժեք նմուշ է, որի նմանը շատ քիչ թվով են ստեղծվել և պահպանվել: Գտնվում է Հաղպատի վանքի Սուրբ Նշան եկեղեցու և Մեծ գավթի միջև տեղակայված Փոքր ժամատանը:
Խաչքարը «Ամենափրկիչ» անունն է ստացել, քանի որ կոթողի վրա պատկերված է քրիստոնյաների Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը:
Պատմություն
Հաղպատի վանքի գրադարանի սկզբնական շենքը կառուցվել է 11-րդ դարում: Այն վերակառուցվել և առավել գեղեցիկ տեսք է ստացել վանքի առաջնորդ Հովհաննես արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ 13-րդ դարում: Կատարված շինարարության վերաբերյալ արձանագրությունը փորագրվել է բազալտե խաչքարի ետին մասում: Սակայն մի քանի տարի անց՝ 1273 թվականին, Հովհաննես արքեպիսկոպոսի պատվերով կանգնեցվել է ավելի մեծ և արժեքավոր Ամենափրկիչ խաչքարը, որի ետին մասում փորագրվել է գրադարանի վերակառուցման արձանագրությունը գրեթե նույն բովանդակությամբ: Հին խաչքարը ներկայում գտնվում է գրադարանի մուտքի մոտ, պատին հենած, Ամենափրկիչ խաչքարից ոչ հեռու:
Ամենափրկիչ խաչքարի վրայի արձանագրությունները չեն պարունակում կոթողի հեղինակի անունը: Հաղպատի խաչքարի ստեղծումից 8 տարի անց՝ 1281 թվականին, Դսեղ գյուղում կանգնեցվել է նույնանման մեկ այլ խաչքար, որի հեղինակը Վահրամ քանդակագործն է: Հաշվի առնելով երկու խաչքարերի արձանագրությունների, զարդաքանդակների և ոճական նմանությունները՝ կարելի է համարել, որ երկու կոթողները նույն հեղինակի աշխատանք են:
Ճարտարապետական նկարագիր
Հաղպատի Ամենափրկիչ խաչքարը տեղադրված է բարձր պատվանդանի վրա, որը կառուցված է Սուրբ Նշան եկեղեցու արտաքին պատին կից: Այս խաչքարն իր նախորդը չունի: Այն խաչքարագործության մեջ նոր ուղղության հիմք է դարձել: Այսպիսի խաչքարերը հետագայում սկսել են հայտնի դառնալ Ամենափրկիչ խաչքարեր անունով:
Հայկական խաչքարերի վրա տարբեր լուծումներով փորագրված են լինում քրիստոնեության խորհրդանիշ հանդիսացող խաչի նշանը, իսկ մարդկանց կամ կենդանիների կերպարներ գրեթե բացակայում են: Բացառություն են կազմում հրեշտակների հազվադեպ հանդիպող դիմաքանդակները: Հաղպատի Ամենափրկիչ խաչքարը տարբերվում է իր ոճական լուծումներով: Խաչի վրա պատկերված է Քրիստոսի կերպարն ամբողջ հասակով: Նրա շուրջը պատկերված են Աստվածաշնչյան երկու կերպարները՝ Քրիստոսի մայրը և Մարիամ Մագդալենացին, ինչպես նաև 12 առաքյալները, սրբեր և հրեշտակներ: Այս խաչքարի մյուս առանձնահատկությունն այն է, որ դիմերեսին առկա են բազմաթիվ արձանագրություններ, որոնք պարունակում են նաև աղոթքների հատվածներ: Ըստ էության, այդ գրությունները խաչքարի վրայի քանդակների բացատրագրերն են և նրանց անբաժան մասը: Արձանագրություններ կան նաև խաչքարի պատվանդանի վրա: Այդտեղ գրված է Հաղպատի վանքին նվիրաբերված այգիների ու կալվածքների մասին:
Զգուշացում
Խստիվ արգելվում է Ամենափրկիչ խաչքարի պատվանդանի վրա կամ անմիջապես դիմաց մոմ վառել: Հալած մոմը ներծծվում է քարի մեջ՝ վնասելով այն, իսկ կրակը սևացնում և ջերմահարում է քարը՝ այդ կերպ վնասելով 13-րդ դարի կոթողը: