Հաղպատի եկեղեցու դռան փայտյա փեղկ, որը ստեղծվել է 1188 թվականին:

Հաղպատի եկեղեցու փայտյա դռան փեղկ

Հաղպատի վանքն ունի շուրջ մեկ հազարամյակ ձգվող պատմություն, որի ընթացքում ստեղծվել են մշակութային բազմաթիվ և տարաբնույթ գործեր: Պետականության բացակայության կամ թշնամիների հարձակումների հետևանքով դրանցից շատերը գողացվել և հետագայում հայտնվել են տարբեր երկրներում: Այդպիսի բացառիկ նմուշներից է 1188 թվականին վանքի եկեղեցիներից մեկի համար ստեղծված դռան փայտյա փեղկը, որի մի հատվածը պահպանվել է մինչ մեր օրեր:

Արվեստի բացառիկ այս նմուշը 2025 թվականին վաճառքի է հանվել Լոնդոնի միջազգային աճուրդում: Այն գնելու և Հայաստան տեղափոխելու համար հատկացվել է 175 360 000 Հայկական դրամ (մոտ 460 000 ԱՄՆ դոլար):

Նկարագրություն

Փեղկը պատրաստված է ընկույզի փայտից և ունի 190 սմ երկարություն (վերևից ներքև), 57 սմ լայնություն (աջից ձախ) և 12 սմ հաստություն: Մեջտեղի մասում՝ վերևից ներքև ունի ճաք (վնասվածք): Կազմված է 4 ուղղահայաց պատկերային հատվածներից:

Վերին մասում փորագրված է մարդ, որը ձեռքերով գրկել է երկու կենդանու, հավանաբար էգ հայկական մուֆլոններ: Մարդու դեմքի հատվածը վնասված է և չի երևում: Պատկերային քառանկյուն շրջանակը զարդարված է նախշերով, արծվի և օձի պայքարի տեսարանով, հավերժության ձևավոր նշաններով:

Երկրորդ հատվածը ներկայացված է հայկական խաչքարային արվեստի ձևով: Պատկերված է հայկական առաքելական ծաղկող խաչ, որի շուրջ տարբեր զարդանախշեր ու խորհրդանշաններ են, այդ թվում՝ հայկական վեցաթև աստղ:

Երրորդ հատվածում ներկայացված է հեծյալ, ով նետահարում է կենդանու: Բացի մարդուց ձիու վրա և ոտքերի մոտ նստած են նաև այլ կենդանիներ, հավանաբար շներ: Այս մասը լրացնում են նաև մի շարք մեծ ու փոքր կենդանիներ, խորհրդանշաններ ու նախշեր:

Չորրորդ հատվածում պատկերված է մարդ, ում ձեռքին նիզակ է: Նրա դիմաց արու և էգ հայկական մուֆլոններ են: Բնապատկերը լրացնում են զարդանախշերը, շունը և այլ տեսարաններ:

Այս հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է haghpat.com կայքին։ Խնդրում ենք, հոդվածի բովանդակությունը մեջբերելիս կամ այլ կայքերում օգտագործելիս նշել սկզբնաղբյուրը ակտիվ հղումով։