Կուսանաց անապատ եկեղեցի

Տեսակ՝ Եկեղեցի
Թվական՝ 1200-1230
Հաղպատի վանքից ավելի բարձր դիրքում՝ Առաջնագլուխ լեռան ստորոտում, վեր է խոյանում Կուսանաց անապատ եկեղեցին: Այդտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Սուրբ Լույս լեռ և Հաղպատ գյուղ: Այս անունով սկսել են կոչել 19-րդ դարից, իսկ մինչ այդ հայտնի է եղել Տիրամոր եկեղեցի անունով:
Ենթադրվում է կառուցվել է 1200-1230 թվականների միջակայքում: Կապտավուն բազալտե եկեղեցին խաչաձև սրահ է, որի կիսասյուների վրա վեր է խոյանում գմբեթը: Մուտքը զարդարված է քանդակներով, դեկորատիվ կամարով և որմնասյուներով, որոնց վերևում առկա է հայերեն արձանագրություն: Գմբեթի և սրահի վրա կան բազմաթիվ փորագրություններ: Անմիջապես եկեղեցու կողքին պատվանդանի վրա կանգնեցված են 3 հսկա, նրբագեղ խաչքարեր, որոնք նվիրված են վանականներին: Այդտեղ է գտնվում Հաղպատի վանքի Համազասպի գավթի կառուցումը նախաձեռնած Հովհաննես արքեպիսկոպոս Համազասպի, Հայ առաքելական եկեղեցու սկզբունքների պահպանման գործում մեծ դեր ունեցած Իգնատիոս և Ստեփանոս վարդապետների, Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալու թղթակից Գևորգ արքեպիսկոպոսի գերեզմանները:
Տարածքը շրջապատված է եղել պարսպով, որը դեռևս 19-րդ դարի սկզբին մասսամբ պահպանված էր: Այստեղից մինչև Հաղպատի վանքի աղբյուր տարածված էր միջնադարյան գերեզմանոցը, որի չնչին մասն է պահպանվել՝ տեղը զիջելով ժամանակակից գերեզմանոցին: Եկեղեցին ունեցել է ճգնավորների համար նախատեսված առանձին խցեր: Խմելու ջուրն այստեղ է բերվել հարակից անտառի աղբյուրներից կավե թրծված խողովակներով:
Այստեղ կարելի է գնալ Միաբանների միջնադարյան արահետով, որը սկսվում է Հաղպատի վանական համալիրից՝ անցնելով վանքի աղբյուրի մոտով և ավարտվելով Կուսանաց անապատ եկեղեցու մոտ: Հեռավորությունը 580 մ է: Առաջարկվում է անցնել ժամանակակից գերեզմանոցի ներքևի ճանապարհով: Մուտքն ազատ է 24 ժամ:
Այս հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է haghpat.com կայքին։ Խնդրում ենք, հոդվածի բովանդակությունը մեջբերելիս կամ այլ կայքերում օգտագործելիս նշել սկզբնաղբյուրը ակտիվ հղումով: