Ծակայր քարայր

Տեսակ՝ Քարայր

Թվական՝ 10-րդ դար

Ծակայր քարայրը գտնվում է Հաղպատի ձորի ուղղահայաց ժայռի մեջ և մեծ դեր է կատարել հայկական մագաղաթագործության պահպանման և զարգացման գործում: Հայտնի է եղել նաև Գրադարան անունով: Այստեղ պահված մագաղաթյա ձեռագրերով է նաև համալրվել համաշխարհային նշանակություն ունեցող Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը:

Ծակայր քարայրը որպես ռազմական դիտակետ

Ի սկզբանե, Ծակայր քարայրը եղել է ավելի ներքև գտնվող Զարնի և Պարնի քարայր-ամրոցների պաշտպանության համար նախատեսված պահակակետ, որտեղից նետահարել են մոտեցող թշնամուն: Հետագայում այն կատարել է գիտության պահպանման վայր:

Հաղպատի վանքի գրադարանի թաքստոց և գիտական կենտրոն

Միջնադարում՝ թշնամիների հարձակումների ժամանակ, Հաղպատի վանքի մատենադարանի գրքերը պահպանության նպատակով տեղափոխել են Ծակայր քարայր: Այն նաև նոր գրքեր գրելու և գիտական միտքը զարգացնլու վայր էր: Այստեղ որոշ ժամանակ գործել է միջնադարյան ամենահայտնի գիտնականներից մեկը՝ Հովհաննես Իմաստասերը: Նա ղեկավարել է Անիի և Հաղպատի գիտակրթական հաստատությունները, գրել գիտությանը, կրոնին, մշակույթին նվիրված աշխատություններ: Այստեղ են եղել նաև հայազգի միջնադարյան այլ գիտնականներ՝ Դավիթ Գանձակեցին, Դավիթ Քոբայրեցին և ուրիշ հռչակավոր դեմքեր:

14-15-րդ դարերից երկրի դժվարին իրավիճակի հետևանքով Ծակայր քարայրը ու այնտեղ պահվող ձեռագրերը մոռացվում են:

Հայտնաբերում և հետագա ճակատագիր

18-րդ դարի 70-ական թվականներին Հաղպատի վանքի անարժան վանահայրը գանձ գտնելու նպատակով Ծակայրից և հարակից քարայրներից իջեցնում է հարյուրավոր հնագույն մատյաններ և տեղափոխել վանք: Ժամանակի ընթացքում բազմաթիվ գրքեր գողացվել են, իսկ մի մասն էլ իբր անպետք լինելու պատճառով այրվել:

19-րդ դարում և 20-րդ դարում մի շարք հայազգի հնագետների կողմից Ծակայր քարայրում ուսումնասիրություններ են կատարվել, հայտնաբերվել հայկական ձեռագիր մագաղաթների կտորներ:

Այցելելու համար

Ներկայում Ծակայր քարայրը փակ է դժվարամատչելի լինելու պատճառով: Այն դրսից տեսնելու համար պետք է այցելել Զարնի և Պարնի քարայրային համալիր, աստիճաններով բարձրանալ դեպի վերին քարայր: Պարսպի ձախ կողմում՝ ժայռի մեջ, տեսանելի է քարից շարված պատ, իսկ մեջտեղում փոքրիկ պատուհան: Տարածքը գտնվում է հարևանությամբ գործող հանգստի գոտու տնօրինության վերահսկողության ներքո: Քարայրային համալիր այցելելու համար սահմանված է մուտքավճար: Բաց է ցերեկային ժամերին:

Այս հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է haghpat.com կայքին։ Խնդրում ենք, հոդվածի բովանդակությունը մեջբերելիս կամ այլ կայքերում օգտագործելիս նշել սկզբնաղբյուրը ակտիվ հղումով:

Պիտակներ․ ,

Այլ հուշարձաններ