Զարնի և Պարնի քարայր-ամրոցային համալիր

Տեսակ՝ Քարայր

Թվական՝ Միջնադար

Հաղպատ գյուղի տարածքը հարուստ է քարայրներով, որտեղ մարդն ապրել է անհիշելի ժամանակներից: Դրանցից հայտնիներից են Զարնի և Պարնի քարայրները: 10-րդ դարում Զարեհ իշխանը մեծ քարայրի դիմաց կառուցում է աշտարակավոր պաշտպանական պարիսպ՝ դարձնելով իր ամրոցը: Իշխանի անունից էլ այն ստացել է Զարեհի, հետագայում Զարնի այր անունը: Իր ընտանիքի բնակության համար Զարեհ իշխանը նախորդի կողքին գտնվող Պարնի այրը նույնպես պարսպապատել և դարձրել է փոքր ամրոց: Ի սկզբանե կոչվել է Պարոնի այր, հետագայում անունը ձևափոխվել և դարձել է Պարնի այր:

Բնության հետ համահունչ ճարտարապետություն

Զարնի-Պարնին բնության և ձեռակերտ կառույցների հրաշալի ներդաշնակություն է: Երկու քարայր-ամրոցների դիմաց բարձր պարիսպը կառուցված է բազալտե անմշակ քարով և կրաշաղախով: Զարնի այրի մուտքը պարսպի կենտրոնում է, որի կողքին կլոր հատակագծով աշտարակն է: Պարսպից ներս՝ քարայրի մեջ, առկա է 605 քառակուսի մետր մակերեսով ընդարձակ տարածք: Առաստաղից ջրի կաթիլներ են թափվում և ձևավորում փոքրիկ ջրավազան: Պարնի այրը նախորդից փոքր ինչ բարձր դիրքում է, որի ներս մտնելու համար պետք է բարձրանալ աստիճաններով:

Գրադարան՝ միջնադարյան ձեռագրերի պահոց

Պարնի այրի վերին մասում կա ևս մեկ քարայր՝ Ծակայրը, որը Հայոց պատմության կարևորագույն վայրերից է: Այն դժվարամատչելի է և փակ այցելուների համար: Կարելի է տեսնել միայն նեղ պատուհանը որոշակի անկյան տակ, իսկ ներս մտնելու համար պետք է Հաղպատի սարահարթից պարանով իջնել: Գյուղից դեպի քարայրային համալիր տանող պատմական երթուղին անցել է Հաղպատի սարահարթով և ժայռոտ արահետով իջել այնտեղ: Ներկայում այն դժվարանցանելի է և խորհուրդ չի տրվում անցնել:

Այցելելու համար

Զարնի և Պարնի քարայր-ամրոցներ այցելելու համար անհրաժեշտ է հասնել Հաղպատ և Ծաղկաշատ գյուղերի ճանապարհների խաչմերուկ, այդտեղից մոտ 100 մ ավտոճանապարհով իջնել դեպի Մ6 գլխավոր ճանապարհի ուղղությամբ, աջ կողմում կտեսնեք քարայրային համալիր տանող ճանապարհը, որի մուտքի դիմաց կանգնեցված է մետաղական արձան: Այս կետից մինչև քարայր շուրջ 1100 մ է, որը կարելի է անցնել թեթև մարդատար ավտոմեքենայով կամ քայլելով գրունտային ճանապարհով:

Քարայրները գտնվում են հարակից ռեստորանի տնօրինության ներքո, սահմանված է մուտքավճար 1000 ՀՀ դրամ: Բաց է ցերեկային ժամերին, ձմռան ամիսներին փակ է: Զարնի այրի ներսում կա փոքրիկ թանգարան, որտեղ ներկայացված են Հաղպատից և հարակից գյուղերից հավաքված հնագիտական իրեր: Համալիրից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Կայանբերդ ամրոց և Հաղպատի անտառապատ ձոր:

Այս հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է haghpat.com կայքին։ Խնդրում ենք, հոդվածի բովանդակությունը մեջբերելիս կամ այլ կայքերում օգտագործելիս նշել սկզբնաղբյուրը ակտիվ հղումով:

Պիտակներ․ ,

Այլ հուշարձաններ