Սուրբ Սիոն եկեղեցի

Տեսակ՝ Եկեղեցի

Թվական՝ 1268

Հաղպատի վանքից 150 մ հեռու գտնվում է ստորգետնյա յուրահատուկ փոքրիկ եկեղեցի: Կոչվում է Սուրբ Սիոն, սակայն տեղացիներն անվանում են նաև Առաջադեմ: Ավանդազրույցի համաձայն այստեղ եկեղեցի է կառուցվել դեռևս Հայաստանում քրիստոնեության ընդունման ժամանակներում, այսինքն՝ Հաղպատի վանքի կառուցումից առաջ, ինչից էլ ստացել է Առաջադեմ անունը: Սակայն ներկայիս եկեղեցին կառուցվել է Հաղպատի վանքի 4 միաբանների՝ Տիրանի, Գևորգի, Անդրեյի և Դանիելի կողմից, որի մասին խաչքարերից մեկի վրա առկա է հայերեն արձանագրություն:

Սրբատաշ կապտավուն բազալտից կառուցված փոքր եկեղեցին ուղղանկյուն է, պատերին և դրանց հենած կան խաչքարեր, որոնց մի մասի վրա առկա են հայերեն արձանագրություններ: Մուտքի անմիջապես կողքին հենած հայերեն արձակագիր խաչքարը թվագրվում է 1005 թվականով և նվիրված է Կյուրիկյան հայոց թագավորության ամենահզոր արքա Դավիթ Անհողինին և Հաղպատի վանքի առաջին վանահայր Սիմեոնին:

Թաքնված եկեղեցին գտնելու և տեսնելու համար պետք է հասնել նախկին գյուղապետարանի շենքի մոտ, փողոցն անցնել, մայթին կանգնեցված խաչքարի կողքի փոքրիկ փողոցով իջնել 3-4 մ, աջ կողմում կտեսնեք Սուրբ Սիոն եկեղեցին: Երկաթյա ցանկապատի դուռը բացեք և ներս մտեք: Մուտքն ազատ է 24 ժամ:

Այս հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է haghpat.com կայքին։ Խնդրում ենք, հոդվածի բովանդակությունը մեջբերելիս կամ այլ կայքերում օգտագործելիս նշել սկզբնաղբյուրը ակտիվ հղումով:

Այլ հուշարձաններ