Հաղպատի վրացերեն գրությամբ տապանաքարը

Նախապատմություն

Միջնադարում քաղաքական որոշակի իրավիճակներից ելնելով Հայաստանի հյուսիսում տարածվում է քաղկեդոնականությունը: Հայտնի է, որ այդ տարածաշրջանում քաղկեդոնականությունը սերտաճած էր հենց Վրաց ուղղափառ եկեղեցու հետ, որի հետևանքով բազմաթիվ քաղկեդոնիկ հայեր հայերենին զուգահեռ սկսել են օգտագործել նաև վրացերենը: Նույնիսկ Հայ առաքելական մի շարք եկեղեցիներ կարճ ժամանակով օգտագործվել են քաղկեդոնիկ հայերի կողմից: Այդ իսկ հետևանքով մեր օրերում Լոռու մարզի որոշ եկեղեցիների պատերին ու տապանաքարերին կարելի է հազվադեպ հանդիպել վրացատառ հայերենով կամ վրացերենով գրված միջնադարյան արձանագրություններ:

Հայաստանում վրացերեն արձանագրությունների տարածման հաջորդ փուլը տեղի է ունեցել 18-ից 19-րդ դարերում, երբ Թիֆլիսում և վրացական այլ քաղաքներում հայերը հսկայական ազդեցություն են ունեցել, իսկ հայ ազնվական ընտանիքները հայերենին զուգահեռ հազվադեպ օգտագործում էին նաև վրացերենը: Այդ երևույթը հիմնականում հանդիպում էր նրանց ընտանիքի անդամների տապանաքարերի արձանագրություններով, որոնք հայերենի հետ միասին գրվում էին քարին:

Վրացի գիդերի սիրելի վայրը Հաղպատում

Վերջին տարիներին Վրաստանից վրացի զբոսաշրջային ուղեկցողները խմբեր են բերում Հայաստանի Լոռու մարզ: Հաղպատի վանքում նրանց ամենասիրելի վայրը վրացերեն արձանագրությամբ տապանաքարն է, որը գտնվում է վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու դիմաց: Այն բազալտե ուղղանկյուն քար է, որի դիմերեսի վերին մասում հայերեն, իսկ ստորին մասում՝ վրացերեն արձանագրություններ են: Հայերենով գրվածն ավելի բովանդակալից է, սակայն երկու լեզվով գրությունները նույն միտքն են հաղորդում: Տապանաքարը թվագրվում է 1812 թվականով և պատկանում է Հռիփսիմե անունով երիտասարդ հայ կնոջ:

Տապանաքարի վրացերեն արձանագրությունը հետևյալն է՝ ეს საფლავთა შიგა მდებარე ვარ უბედური წუთისსოფლიდამ უჟა-მოთ გამოსალმებულნ მე, ახპატის მოურავის მეუღლე ჰორომსიმე. მხილველ-ნო, გევედრებით ვინც წაიკითხოთ თითო პირი შენდობა მიბძანოთ. აღ-მისრულდი წელსა 1812: Հայերեն թարգմանությունը՝ Այստապանում եմ գտնվում կյանքից անժամանակ հեռացած դժբախտս ես՝ Հաղբատի մովրովի ամուսին Հոռոմսիմես, հանդիպողաք, աղաչում եմ, ով կարդա՝ մեկական բերան ողորմի ասեք: Վախճանվեցի 1812 թվին: