Հաղպատի վանք

Տեսակ՝ Վանք

Թվական՝ 976

Բովանդակությունը համալրման փուլում է

Հաղպատի վանքը Հայոց թագավորների ու թագուհիների հզորության արգասիքն է, հայ իշխանների ու պահապան զինվորների պայքարի արդյունքը, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների հավատքի ուժն ու գիտնականների մտքի դարբնոցը, հայկական ճարտարապետության փառահեղ օրինակ, որը 10-րդ դարից մինչ օրս հայերի միասնության խորհրդանիշներից է:

Պատմական ակնարկ

976 թվականին Բագրատունյաց Հայաստանի թագավոր Աշոտ Ողորմածի կնոջ՝ Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ մեկնարկում է Հաղպատի վանքի շինարարությունը: Այդ պահից սկսած հաջորդ 3 դարերի ընթացքում վանքն ամբողջանում է և ստանում ներկայիս տեսքը:

Հաղպատի վանական համալիրը ավելի քանի 1700-ամյա Հայ առաքելական եկեղեցու ամենանշանակալից և առանցքային կենտրոններից է եղել: 1064 թվականին Կյուրիկե Ա Բագրատունի թագավորի կողմից հռչակվել է եպիսկոպոսական աթոռ և այդ կարգավիճակում մնացել մինչև 1836 թվականը: Տարբեր ժամանակներում վանքի հոգևորականությունը մասնակցել է Հայաստանի ու Հայ առաքելական եկեղեցու կարևորագույն որոշումներին, ունեցել հատուկ խոսքի իրավունք:

Հաղպատի վանքը ճարտարապետական գլուխգործոց է և համաշխարհային նշանակության պատմական հուշարձան, Սանահինի վանքի հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ցանկում:

Վանքի կառուցվածք և ճարտարապետական նկարագիր

Սուրբ Նշան գլխավոր եկեղեցի

Վանական համալիրի գլխավոր և առաջին կառույցը Սուրբ Նշան եկեղեցին է: Կառուցումը նախաձեռնել է Բագրատունյաց Հայաստանի թագուհի Խոսրովանույշն իր որդիներ Սմբատի և Գուրգենի երկարակեցության համար: Շինարարությունը սկսվել է 976 թվականին և տևել 15 տարի: Այն ղեկավարել են վանքի հիմնադիր վանահայր Սիմեոնը և նրա օգնական Տիրանունը: Սմբատը եղել է Բագրատունյաց Հայաստանի թագավոր և հայտնի է Սմբատ Բ Տիեզերակալ անունով, իսկ Գուրգենը՝ Լոռու հայոց թագավորության արքա, Կյուրիկյան թագավորական դինաստիայի հիմնադիր: Երկու թագավորների բարձրաքանդակները փորագրված են Սուրբ Նշան եկեղեցու արևելյան պատի արտաքին երեսին, որտեղ նրանք պատկերված են միմյանց դիմաց կանգնած եկեղեցու փոքր մակետը երկու ձեռքով բռնած:

Սուրբ Նշան եկեղեցին հայկական ճարտարապետական վառ օրինակ է: Նախագծել է համաշխարհային մասշտաբի հայազգի հռչակավոր ճարտարապետ Տրդատը: Արտաքինից քառանկյուն, ներքուստ խաչաձև սրահ է, որի վրա վեր է խոյանում կլոր թմբուկն ու լայնանիստ գմբեթը: Կառուցված է սրբատաշ կապտավուն բազալտից: Արտաքին պատերի յուրաքանչյուր կողմի վրա ունի երկուական մեծ խորշեր, որոնք թեթևացնում և ամրացնում են պատերն ու գեղեցկացնում եկեղեցին: Ներսում սյուներ չկան: Գմբեթը հենված է չոր անկյուններում կառուցված հզոր կիսասյուների և նրանց միացնող կամարների վրա: Նախկինում ներսի պատերի մակերեսի մեծ մասը ծածկված են եղել բարձրարժեք որմնանկարներով, որոնցից ներկայում լավ պահպանվել է խորանի հետևի և մասսամբ հարավային պատերին: Եկեղեցին ներսից և դրսից պատված է զարդանախշերով և հայերեն արձանագրություններով:

Ունի երկու մուտք: Հիմնականը արևմտյան կողմից է, որը բացվում է մեծ գավթի մեջ, իսկ փոքրը՝ հյուսիսային կողմից: Երկուսն էլ արտաքինից եզերված են շքեղ և զարդանախշ սյուներով, որոնք վերին մասում միացված են կամարով: Պատերի և թմբուկի վրա բացված են զարդանախշ պատուհաններ, որոնցով արևի ճառագայթները ներթափանցում են ներս: Հին դարերում եկեղեցին զարդարված է եղել նաև նվիրաբերված բազմաթիվ թանկարժեք ու գեղեցիկ պարագաներով: Դրանցից է եղել Արցախի Հաթերքի Վախթանգ իշխանի կնոջ նվիրաբերած խորանի վարագույրը, որը գործել են նրա դուստրերը և զարդարել սրբապատկերներով ու ծաղկենկարներով:

Մեծ գավիթ և թագավորական դամբարան

Հաղպատի մեծ գավիթը կառուցված է Սուրբ Նշան եկեղեցուն կից՝ անմիջապես արևմտյան կողմում: Այն Հաղպատի վանքի ամենանշանավոր կառույցներից է: Ի սկզբանե, գավիթը չի ունեցել ներկայիս տեսքը: 1185 թվականին Լոռու թագավորության արքա Կյուրիկե Գ-ի դուստրը՝ Մարիամն իր քրոջ՝ Ռուսուգանի օգնությամբ կառուցել է Կյուրիկյան թագավորական տան անդամների տապանատուն-գավիթ: Պատին թողնված հայերեն արձանագրության մեջ Մարիամ արքայադուստրը Հաղպատավանքի բոլոր այցելուներին խնդրել է իրենց աղոթքներում հիշել հայոց թագավորներին ու կաթողիկոսներին: Մարիամի կառուցած գավիթն ունեցել է ուղղանկյուն երկարավուն տեսք, թաղակապ, երկթեք տանիք և Սուրբ Նշան եկեղեցուց հեռու է եղել մոտ 2.5 մ: Թագավորական այդ կառույցից պահպանվել են երկու հակադիր պատերը, որոնք ներկայում մեծ գավթի հարավային և հյուսիսային պատերի դուրս շեշտված երկկամար մուտքերով մասերն են: Զարդարած է շքեղ զարդանախշերով: Հետագայում այդ մուտքերը շարվել են սրբատաշ բազալտով, միայն կամարների վերին մասն է բաց մնացել:

1189 թվականին Հաղպատի վանքի առաջնորդ Բարսեղի եղբորորդի Դավթի կողմից իր հոր՝ Վասակի և քրոջ Բուրդուխանի գերեզմանների վրա կառուցվել է փոքրիկ մտուռ-տապանատուն: Այն գտնվել է Մարիամաշեն գավթի և Սուրբ Նշան եկեղեցու արանքում, ներկայիս մեծ գավթին կից: Վասակը Կյուրիկյան թագավորների փեսան էր՝ Կյուրիկե Գ արքայի դուստր Վանենու ամուսինը, ինչի համար նրան և նրա որդիներին թույլ է տրվել թաղվել այնտեղ:

1208 թվականից հետո Հաղպատի վանքի առաջնորդ Հովհաննես Խաչենցին Մարիամաշեն փոքր գավթի մեծ մասն ապամոնտաժել է և սկսել կառուցել ներկայիս մեծ գավիթ: Շինարարությունն ավարտվել է 1210-ական թվականներին: Հաղպատի վանքի մեծ գավիթը միջնադարյան Հայաստանի ճարտարապետական գլուխգործոցներից մեկն է: Ընդարձակ գավիթը ուղղանկյուն հատակագծով դահլիճ է անմիջապես կից Սուրբ Նշան եկեղեցուն: Ունի 21*18 մետր արտաքին չափեր: Եկեղեցուն կից պատի երկու անկյուններում ունի երկհարկ ավանդատներ: Այդտեղ կան 4 սեղաններ, որոնց վրա մատուցվել են պատարագներ:

Դահլիճի հատակը ամբողջույամբ պատված է գետնին հավասար տապանաքարերով: Այդտեղ ամփոփված են ժամանակի հայազգի նշանավոր մարդիկ՝ թագավորներ, թագուհիներ, թագավորական տան անդամներ, իշխաններ, բարձրաստիճան հոգևորականներ: Այն Կյուրիկյան թագավորական տան գլխավոր և Զաքարյան իշխանական տան երկրորդ տապանատունն է:

Գավթի հիմնական գեղեցկությունը առաստաղն է, որը հենված է 12-ական մետր բացվածք ունեցող երկու զույգ միմյանց խաչաձև կամարների վրա: Այդ կամարները գավթի երեք կողմերում նստած են պատերին կից որմնասյուների, իսկ արևմտյան կողմում՝ պատից մոտ 3 մ հեռու գտնվող զույգ սյուների վրա: Առաջացած քառակուսու մեջ ավելի փոքր կամարներ են, որոնք առաստաղի կենտրոնական մասն ավելի վեր են բարձրացնում և ստեղծում առավել վեհ տեսք: Գավթի տանիքի կենտրոնում վեց սյուների վրա վեր է խոյանում փոքրիկ գմբեթ, որը կառույցի լույսի հիմնական աղբյուրն է: Գավթի ներսում պատվանդանների ու պատերի մեջ կանգնեցված են բարձրարժեք խաչքարեր: Մուտքը արևմտյան կողմից է: Շրջապատված է զարդանախշերով և գեղազարդ սյուներով: Մուտքի վերևի քարին Զաքարե Զաքարյանի հայերեն արձանագրությունն է: Գավիթը ներսից և դրսից պատված է բազմաթիվ հայերեն արձանագրություններով, խաչերով և զարդանախշերով:

Զանգակատուն՝ հայ ճարտարապետության գոհար

Հաղպատի վանքի զանգակատունը հայկական միջնադարյան ճարտարապետության հռչակավոր կոթողներից մեկն է և իր բացառիկ տեսքով հայկական ճարտարապետության այցեքարտը: Կառուցված է վանական համալիրի արևելյան բարձրադիր վայրում և գերիշխող դիրք ունի մյուս բոլոր կառույցների նկատմամբ: 1245 թվականին կառուցումը նախաձեռնել է վանքի առաջնորդ Համազասպ արքեպիսկոպոսը բազմաթիվ նվիրատուների օժանդակությամբ:

Եռահարկ քառանկյուն կառույց է, որի վրա վեր է խոյանում սյունազարդ գմբեթը: Ունի 25 մետր բարձրություն, իսկ հիմքում 9.3*9.3 մետր է: Միակ մուտքը արևմտյան կողմում է: Երեք հարկերը հնում ծառայել են որպես եկեղեցի: Այնտեղ առկա ավանդատների ներսում տեղադրված են խորաններ: Առաջին հարկում՝ մուտքի դիմացի անկյուններում, երկու ավանդատներ են: Երկրորդ հարկում՝ աստիճանների կողքին, ևս մեկը: Երրորդ հարկում չորս անկյուններում կառուցված են մեկական ավանդատներ: Զանգերը կախվել են յոթ սյուների վրա կանգնած գմբեթի ներսում և լսելի են եղել վանքում ու շրջակայքում: Ներկայում էլ օրվա սահմանված ժամերին զանգերը շարունակում են նվագել աստվածային հնչյուններ, և այն լսողները մի պահ կանգ են առնում, որպեսզի ամբողջ մարմնով զգան այն:

Զանգակատան պատերի վրա առկա են բարձրարժեք հորինվածքով զարդանախշեր, խաչեր և հայերեն գրություններ: Դրանցից մեկը, որը գտնվում է մուտքի վերևում, շինարարության մասին պատմող արձանագրությունն է: Շրջակայքում կան տապանաքարեր, խաչքարեր: Մուտքի դիմաց է գտնվում միջնադարյան հայազգի հռչակավոր գործիչ Հովհաննես Իմաստասերի գերեզմանը:

Հաղպատի մատենադարան՝ գրքերի համահայկական պահոց

Հաղպատի գրադարանը, որն իրավացիորեն հաճախ անվանում են մատենադարան, միջնադարի հայերեն ձեռագրերի ամենահարուստ պահոցներից է եղել: Այստեղ պահվել են գիտակրթական, կրոնափիլիսոփայական, գաղափարագիտական, սոցիալ-մշակութային, Հայոց պատմության և այլ ոլորտներին նվիրված հայերեն հնագույն ձեռագիր մատյաններ, ստեղծվել են նոր ձեռագրեր ու կրկնօրինակվել արժեքավոր գրքեր: Եթե համեմատելու լինենք մերօրյա գրապահոցների հետ, ապա այն միանշանակ համարժեք է համաշխարհային նշանակություն ունեցող Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանին: Հաղպատի գրադարանի ձեռագրերի շնորհիվ է նաև, որ այսօր գոյություն ունի Երևանի Մատենադարանը և հայտնի են Հայոց պատմության շատ էջեր: Այն մաս է կազմել միջնադարի հայկական հռչակավոր կրթական հաստատություններից մեկին՝ Հաղպատի դպրոցին:

Գրադարանի սկզբնական շենքը կառուցվել է 11-րդ դարում, որը վերակառուցվել և առավել գեղեցիկ տեսք է ստացել 1258-ից 1262 թվականների միջակայքում վանքի առաջնորդ Հովհաննես արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ: 11-րդ դարի շենքից պահպանվել են պատերը, գրքերի համար նախատեսված բազմաթիվ գեղեցիկ խորշեր: Ներկայում կարելի է նկատել որոշ խորշերի և սյուների անհամաչափություն, որը վերակառուցման հետևանք է: Շինարարները ցանկացել են հնարավորինս պահպանել հին կառույցը: 13-րդ դարի վերակառուցման վերաբերյալ արձանագրությունը գտնվում է Սուրբ Նշան եկեղեցու կողքին կանգնեցված Ամենափրկիչ կոչվող խաչքարի թիկունքին և գրատան մուտքի կողքին հենած խաչքարի վրա:

Գրատան յուրաքանչյուր պատի մեջ առկա են երկուական ցածրադիր սյուներ, որոնք վեր բարձրանալով պահում են տանիքի միաթռիչք կամարները: Դրանց խաչման կենտրոնում երդիկն է, որը վեր է բարձրանում և ունի գմբեթի տեսք: Պատերի մեջ գրքերի համար նախատեսված որմնախորշերն են: Միակ մուտքը արևմուտքից է և ունի համեստ կառուցվածք:

Այս շինությունը որպես գրատուն է ծառայել շուրջ 5 դար: 14-15-րդ դարերում թշնամիների հարձակումներից հնագույն ձեռագրերը պաշտպանելու համար դրանք տեղափոխել են Հաղպատ գյուղի տարածքում գտնվող գրեթե անմատչելի մի քանի քարայրներ: Այդպիսիններից մեկը Ծակայրն է: 16-ից 17-րդ դարերից սկսած վանքի միաբանները երբեմնի գրատան շենքն օգտագործել են տնտեսական նպատակներով: Գրատան հատակին ներկառուցված կարասները պահպանվել են այդ ժամանակներից և դրանց մեջ պահվել է գինի:

Սուրբ Նշան եկեղեցու և գրատան միջև գտնվում է վերջինի միջանցքը, որը հարավից հյուսիս ձգվող կառույց է: Հարավային կողմում կամարով մուտքն է: Հատակին առկա են տապանաքարեր, պատերին հենված են ի սկզբանե այդտեղ տեղադրված և այլ վայրերից պահպանության համար այստեղ բերված խաչքարեր, պատերին փորագրված են հայերեն արձանագրություններ: Հյուսիսային մասում միացված է գրատանը:

Համազասպի գավիթ կամ խորհրդարան

Սուրբ Նշան եկեղեցու հյուսիսային կողմում է գտնվում հետաքրքիր հորինվածքով ընդարձակ շինություն, որն առավել հայտնի է Համազասպի գավիթ անունով: Կառույցի նշանակության վերաբերյալ մի քանի վարկած կա, որոնց համադրությամբ կարելի է հստակ ասել, որ այն արևելքից իրեն կից փոքրիկ եկեղեցուն ծառայել է որպես գավիթ և վանքի միաբանների համար խորհրդարան: Կառուցվել է 1257 թվականին վանքի առաջնորդ Համազասպը:

Հաղպատի վանքի շինություններից չափերով ամենամեծն է: Կառուցված է կապտավուն սրբատաշ բազալտից: Ունի 18*18,5 մետր մակերես: Կենտրոնական 4 սյուների և յուրաքանչյուր պատից առաջացած երկու որմնասյուների միջոցով սրահը բաժանված է 9 հատվածների: Կենտրոնական մասը, որը գտնվում է միմյանց կամարներով միացված 4 սյուների միջև, իր վրա կրում է երդիկավոր բացվածքով փոքր գավիթը: Մյուս 8 հատվածները շրջապատում են կենտրոնական մասը՝ յուրաքանչյուրը ստեղծելով կամարակապ քառանկյունի: Սյուներին և կառույցի այլ հատվածներում առկա են բարձրարժեք քանդակներ: Շենքի բարձրությունը ընդամենը 7,2 մետր է, ինչը հատակագծի համեմատ նկատելի փոքր է: Հավանաբար, ճարտարապետները ցանկացել են, որ այս շենքի բարձրությունը չգերազանցի հարևանությամբ գտնվող մեծ գավիթի բարձրությանը: Մուտքն արևմուտքից է՝ զարդարված քառանկյուն շրջանակով: Արևելյան պատի մեջտեղից ունի դուռ դեպի կից փոքր եկեղեցին: Ընդհանուր առմամբ, այս երկու շինությունները ընկալվում են մեկ համալիր: Համազասպի գավթի ներսում կան վանականների մի քանի տապանաքարեր, որոնցից մեկը թվագրվում է 1145 թվականով:

Սուրբ Գրիգոր եկեղեցի

Վանքի մեծ գավթի հարավային կողմում է գտնվում Սուրբ Գրիգոր եկեղեցին: Կառուցվել է 1025 թվականին կապտավուն սրբատաշ բազալտից: 11*8.5 մետր մակերեսով երկթեք թաղակապ տանիքով եկեղեցու միակ մուտքը արևմուտքից է: Այն զարդարված է կիսասյուներով ու կամարով, որի ներսում զետեղված է հավերժության նշանը: Խորանի կողքերին մեկհարկանի, իսկ մուտքի կողքերին՝ երկհարկանի ավանդատներ են, որոնցից յուրաքանչյուրում տեղադրվել է պատարագի սեղաններ: Արևմտյան և արևելյան կողմերից ունի համապատասխանաբար հինգական և երեքական պատուհաններ, որոնց շրջանակը նույնպես զարդանախշերով է: 1211 թվականի վանքի առաջնորդ Հովհաննես Խաչենցին նախաձեռնել է եկեղեցու ներսի վերանորոգման աշխատանքներ:

Մեր օրերում այցելուների մոտ որոշակի ավանդույթ է ձևավորվել Սուրբ Գրիգոր եկեղեցու հարավային արտաքին պատի քիվի վրայով անցնել և երազանք պահել: Այն Հայ առաքելական եկեղեցու ծիսակարգի հետ կապ չունի, բայց սիրված ժամանցային զբաղմունք է:

Սուրբ Աստվածածին կամ Խաթունաշեն եկեղեցի

13-րդ դարում կառուցված այս եկեղեցին գտնվում է մեծ գավթի հյուսիսային և Համազասպի գավթի հարավ-արևմտյան կողմում: Արևելյան պատի հայերեն արձանագրության համաձայն՝ եկեղեցին կառուցել է հայազգի Դեսումյանց Հասան իշխանի դուստր Խաթունի միջոցներով ի հիշատակ Արցախից Հաղպատ եկած և այդտեղ վախճանված իր եղբայների: Իր կառուցողի պատվին հաճախ կոչվում է նաև Խաթունաշեն եկեղեցի: Արձանագրության մեջ գրված է նաև, որ իշխանուհի Խաթունի ամուսինը Գագա, Տավուշի, Գարդմանի և այդ կողմերի այլ բերդերի տեր Բլու Զաքարե Վահրամյանն էր:

Կապտավուն սրբատաշ բազալտից կառուցված եկեղեցին ունի արտաքուստ 4.7*3.5 մետր ուղղանկյուն մակերես, ներքուստ խաչաձև հորինվածք: Ներսի չորս անկյուններում բարձրացող սյուները վերևի մասում ձևավորում են կամարներ, որոնց վրա վեր է խոյանում կլոր թմբուկով գմբեթը: Մուտքը հարդարված է զարդաքանդակ ուղղանկյուն շրջանակով, կամարով և որմնասյուներով:

Եռախորան մատուռներ

Համազասպի գավթի հյուսիս-արևմտյան մասում՝ վանքի պարսպի մոտ, գտնվում է հայազգի Ուքանանց իշխանական տան գերեզմանոցը, որի գլխավոր հուշարձանները երեք փոքր մատուռներն են: Դրանք իրենց կառուցվածքով խիստ յուրահատուկ ոճ ունեն և գերեզմանների ճարտարապետության հազվագյուտ օրինակ են: Հարավից հյուսիս իրար կողքի երեք մատուռներ են, որոնցից յուրաքանչյուրի տանիքին դրվել է գլուխգործոց համարվող մեկական խաչքար: Ներկայում մեջտեղի մատուռի խաչքարը բացակայում է: 19-րդ դարի պատմիչը գրել է, որ իր ժամանակ այն արդեն տեղում չի եղել: Այս տոհմը սկիզբ է առել Ուքանից, ով ապրել է 12-րդ դարում: Ուքանի ծոռան ծոռ Բարսեղ եպիսկոպոսի եղբայր Վասակը եղել է Լոռու հայոց թագավորության արքա Կյուրիկե Գ-ի դուստր Վանենու ամուսինը: Հայտնի է նաև, որ Ուքանի թոռ և Սմբատի որդի Նաջմադինն ու վերջինի որդի Սմբատն ու Վահրամը եղել են Վրաց արքունիքի պատվավոր ներկայացուցիչներ և ենթարկվել են Զաքարյան իշխաններին:

Մատուռների մուտքերը արևմուտքից են: Այդ կողմի պատերն ամբողջությամբ պատված են հյուսածո գեղեցիկ քանդակներով և այլ փորագրություններով: Արևմտյան, հյուսիսային և հարավային պատերի վերին մասը փոքր ինչ դուրս ցցված է և պատված գեղաքանդակներով: Տանիքի վրայի խաչքարերի պատվանդանները նույնպես հյուսածո քանդակներով են պատված: Այսպիսի զարդանախշերը հատուկ են միայն Հաղպատի վանքին և հանդիպում են մեծ գավթի վրա: Մատուռների դիմաց՝ գետնին հավասար շարված են Ուքանանց տոհմի ներկայացուցիչների տապանաքարեր:

Մեջտեղի դամբարան-մատուռը պատկանում է Ուքանանց տոհմի ներկայացուցիչ, Հաղպատի վանքի առաջնորդ Բարսեղ եպիսկոպոսին: Նրա եղբայր հայազգի Քուրդ իշխանը մահացել է 1220 թվականին, ում համար կառուցվել է հարավային կողմի մատուռ-դամբարանը: Հյուսիսային կողմի տապանատունը կառուցվել է 1211 թվականին Ուքանի թոռ Նաջմադինի և վերջինի որդիներ Վահրամի ու Սմբատի գերեզմանի վրա:

Սեղանատուն

Հաղպատի սեղանատունը գտնվում է վանքի հյուսիս-արևմտյան մասում՝ պարսպի սահմանագծին: Աշխարհիկ այս կառույցն իր ճարտարապետական հորինվածքով բացառիկ տեղ է զբաղեցնում հայկական միջնադարյան կոթողների մեջ: Կառուցվել է 1220-ական թվականներին: Կառուցողների անունները հայտնի չեն: Բացի վանքի միաբանության համար որպես սեղանատուն ծառայելուց, օգտագործվել է նաև ժողովների անցկացման համար: Մի շարք պատմիչներ նշել են, որ այն Հաղպատի դպրոցի համար ծառայել է նաև որպես վարժարանի շենք: 19-րդ դարի սկզբներին շինության մի հատվածն օգտագործվել է ձեթ ստանալու նպատակով: Այս պատճառով է, որ սեղանատան կառույցին երբեմն անվանում են ձիթհանք: Մինչ այժմ շինության ներսում պահպանվել են ձիթհանքի կլոր քարերը:

Ունի 19,8*9,25 մ ուղղանկյուն հատակագիծ: Հատակից մինչև խաչաձևվող կամարների ամենաբարձր կետը 8 մետր է: Սեղանատան մուտքը դրսի կողմից քառանկյուն շրջանակի մեջ Է, իսկ բարավորի վրա քանդակված է խաչ: Շենքի ճակատային մասին առկա են խաչաքանդակներ: Լուսամուտները վերին մասում ընդգծված են նախշազարդով:

Պարիսպ և աշտարակներ

Հաղպատի վանքը շրջապատված է հաստ պարսպով և դրանց մաս կազմող աշտարակներով: Ունի երկու կամարակապ դուռ և մեկ ժամանակակից մուտք, որով ներկա ժամանակներում ներս են մտնում այցելուների մեծ մասը:

Նախնական պարիսպը կառուցվել է 10-ից 11-րդ դարերում վանքի սկզբնական շինությունների կառուցմանը զուգընթաց կամ անմիջապես դրանից հետո և ընդգրկել է ավելի փոքր տարածք: 1220 թվականին վանքի առաջնորդ արքեպիսկոպոս Բարսեղի եղբայր հայազգի իշխան Քուրդը ընդարձակում է պարիսպը և վանքի ներսում ընդգրկում նաև իրար կողք գտնվող երեք փոքր մատուռները: Պարսպաշարի արևմտյան կողմը, որտեղ կան 3 դիտաշտարակներ, սկզբնական պարսպի մաս է և մեծամասամբ կառուցված է կապտավուն սրբատաշ բազալտից: Հարավ-արևմտյան անկյան աշտարակը չափերով ամենից մեծն է և կառուցված է թրծված աղյուսի և անմշակ քարերի համադրությամբ՝ ստանալով գեղագիտական տեսք: Պարսպի մյուս կողմերը կառուցված են հիմնականում անմշակ քարերից: Գլխավոր, պատմական մուտքը կամարակապ դարպասի ձևով արևելյան կողմից է: Վերին մասում տեղադրված է քարե մեծ խաչ: Կառուցվել է 1246 թվականին կապտավուն սրբատաշ բազալտից վանքի առաջնորդ Համազասպ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ: Հետագայում պաշտպանական կառույցը որոշակի վերանորոգումների է ենթարկվել:

Այս հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է haghpat.com կայքին։ Խնդրում ենք, հոդվածի բովանդակությունը մեջբերելիս կամ այլ կայքերում օգտագործելիս նշել սկզբնաղբյուրը ակտիվ հղումով:



Հաղպատի վանքով անցնող երթուղիներ

Այլ հուշարձաններ