Տեսակ՝ Եկեղեցի
Հաղպատի վանքի հարակից ձորակում՝ շուրջ 200 մ հեռու, գտնվում է Զորավանք անունով փոքր եկեղեցին: Գյուղի թաքնված և հետաքրքրաշարժ անկյուններից մեկն է: Կառուցվել է 1279 թվականին Հայ առաքելական եկեղեցու սպասավոր Բարսեղ քահանայի կողմից: Ի սկզբանե, Գևորգ զորավար անունը կրել է հարևանությամբ գտնվող խաչքարը, այնուհետև այն անցել է եկեղեցուն:
Պահպանվել է անդեզիտի անմշակ քարից կառուցված աղոթասրահը և կիսավեր գավիթը: Նախկինում շրջապատված է եղել հին գերեզմանոցով, որոնցից պահպանվել են 2 խաչքար և մի քանի ինքնատիպ տապանաքար: Մուտքի վերևի քարին՝ բարավորին, պահպանվել է կառուցման պատմության մասին հայերեն արձանագրությունը: Ներսում գտնվում է պատի միջից պոկված մեծ կարաս:
Գտնվում է Հաղպատ – Ակներ – Սանահին քայլարշավաին արահետի սկզբնամասում: Եկեղեցին շրջապատված է մասնավոր տարածքով, որտեղ ներս մտնելուց առաջ ցանկալի է տեղում թույլտվություն վերցնել տարածքի սեփականատիրոջից: 15-20 րոպեն բավարար է հուշարձանն ուսումնասիրելու, լուսանկարելու համար: Մուտքն ազատ է: Եկեղեցու կողքով հոսում է գետակ, որի վրա կառուցվել է խմելու ջրի սառնորակ աղբյուր: Եկեղեցի այցելելուց հետո այցելուները կարող են հագեցնել ծարավը: